22.07.2026
Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով. Armlur.am
prev Նախորդ նորություն

Ծառուկյանի պաշտպանները բացարկ ներկայացրին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ Քննչական կոմիտե տեղափոխվելուց հետո վերադարձվել է մեկուսարան։ Այսօրվա նախատեսված քննչական գործողությունները, այդ թվում՝ առերեսումը, չեն ավարտվել։


Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանի խոսքով՝ պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել ամբողջ քննչական խմբին։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված պայմաններում, երբ, ըստ նրա, բացակայում է մրցակցային սկզբունքը և թույլ են տրվում ապօրինություններ, քննչական գործողությունների շարունակումը հնարավոր չէր։


Այսօր առավոտյան ընտրություններից հետո կալանավորված Գագիկ Ծառուկյանին կրկին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել էին Քննչական կոմիտե։ Նախորդ օրը նա արդեն առերեսվել էր իրեն մեղադրող իրանցի գործարարներից մեկի հետ, իսկ այսօր սպասվում էր առերեսում երկրորդ գործարարի հետ։


Սակայն քննչական գործողությունների ընթացքում վարույթից հեռացվել է նաև Ծառուկյանի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նման որոշման հիմքում տուժող ճանաչված իրանցի գործարարներից մեկի դիմումն է եղել։


Վերջինս նշել է, որ Երեմ Սարգսյանը նախկինում մասնակցել է իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին, հետևաբար պետք է հարցաքննվի որպես վկա և չներգրավվի որպես պաշտպան։ Երեմ Սարգսյանը իրավապահների այդ որոշումը գնահատել է որպես ապօրինի՝ տեղեկացնելով, որ արդեն ստացել է նույն օրը որպես վկա հարցաքննվելու ծանուցագիր։


Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման հոդվածներով։ Իրավապահների վարկածով՝ նա կազմակերպել է իրանցի գործարարներին պատկանող ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույքի հափշտակությունը։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է հակառակը՝ հայտարարելով, որ հենց իրանցի գործարարներն են ֆինանսական պարտավորություններ ունեցել Ծառուկյանի նկատմամբ, ինչը, նրանց խոսքով, հաստատվում է համապատասխան պարտավորագրերով։


Նշենք, որ նախօրեին՝ հարցաքննությունից մի քանի ժամ առաջ, հրապարակվել էր Ծառուկյանի ուղերձը մեկուսարանից։ Այս անգամ նա չէր անդրադարձել իշխանությունների հասցեին քննադատություններին, այլ ներկայացրել էր իր գործունեության արդյունքները և հայտարարել, որ մտադիր է «շարունակել կառուցել»։


Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանին առնչվող տասնյակ ձեռնարկություններ, իսկ «Արարատցեմենտ» գործարանի կառավարումն արդեն փոխանցվել է պետությանը։


 


 

ՀՅԴ․ Սկսվել են ընդդիմությանը նվիրատվություն կատարածների հետապնդումները
Հաջորդ նորություն next