VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության» հետ Հանրապետական կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, եւ ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները: Այդ քննարկումներն առայժմ ընթանում են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ: Երբեմն նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանն է ներգրավվում այդ քննարկումներին: Իսկ մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ Կ.Կարապետյանին դուր չի գալիս ոչ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը, այլեւ այդ կուսակցության նախարարների թեկնածուները: Խոսքը վերաբերում է հատկապես գործող նախարարներին, մասնավորապես, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կ.Կարապետյանը ՀՅԴ-ին առաջարկում է նախարարների ավելի երիտասարդ թեկնածուներ ներկայացնել: Ավելին՝ ՀՅԴ-ին անգամ նա է նախարարացուներ առաջարկում ոչ թե այդ կուսակցությունից, այլեւ իր շրջապատից, այնպես, ինչպես դա արել է Գյուղատնտեսության, Էներգետիկայի կամ Տրանսպորտի եւ կապի նախարարների դեպքում:
Նա ՀՅԴ-ին առաջարկում է իրենց քվոտայով այդ մարդկանց նշանակել նախարար, փոխարենը նրանք կանդամագրվեն այդ կուսակցությանը, ինչպես դա եղավ իր եւ իր ներկայացրած նախարարների դեպքում՝ նրանք նշանակվեցին իրենց պաշտոններին, հետո նոր անդամագրվեցին ՀՀԿ-ին: Բայց Կ. Կարապետյանն այդ հաշվարկներում այնքան էլ հեռատես չի գտնվել, քանի որ ՀՅԴ-ն մի փոքր տարբերվում է մյուս կուսակցություններից այն առումով, որ այդ ուժին անդամագրվելը շատ ավելի բարդ ընթացակարգ է ենթադրում՝ ընդհուպ մինչեւ զենքի վրա երդվելը: Եվ նրանք «Օրինաց երկիր» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պես նման տարբերակի չեն գնում, որ իշխանությունները նրանց քվոտայով մեկին նախարար նշանակեն, հետո անդամակցեն այդ կուսակցությանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, ապա «Դաշնակցությունն» այս անգամ մի քանի պորտֆել ավելին է ուզում, քանի որ այս ընտրություններին՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ, մի քանի տոկոս ավելի ձայն, եւ մի քանի լրացուցիչ մանդատ է ստացել: ՀՅԴ-ն ուզում է ունենալ 4 նախարարի ու 3 մարզպետի պաշտոններ: ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրենք հակված չեն ավելացրել ՀՅԴ-ի պորտֆելները, քանի որ դրանց քանակը համապատասխանում է նրանց ստացած քվեներին: Պարզապես մեկ տարի առաջ են իրենց ունեցած քվեների համեմատ ավելի շատ տվել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել: Նախ, որպեսզի կուսակցությունը ֆալստարտ չգրանցի, ապա եւ` իր շուրջը համախմբի լուրջ էլեկտորատ: Եվ այնուհանդերձ, Զարուհուն դա չհաջողվեց: Նա Նիկոլի եւ «Ելքի» հարցում մի քանի լուրջ «բացթողում» ունեցավ` ելնելով «Սասնա ծռերի»` ՊՊԾ-ն գրավելու օրերի մոդիֆիկացիայից, երբ Նիկոլին նույն «ծռերը» թույլ չտվեցին մոդերացնել իրենց շարժումը, եւ երկրորդ «բացթողումով»` «Կենտրոնի» եթերում, երբ ունքը շինելու տեղը աչքն էլ հանեց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել: Հիշեցնենք, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը կալանքի տակ էր հայտնվել 2016 հունիսի 9-ին: Նրա անունը կապվում էր Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ «ռազբորկաների» հետ, որտեղ շրջանառվում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Եվ ահա այդ «ռազբորկաների» արդյունքում Ռաֆայել Թադեւոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելը: Այս արարքի համար Ռաֆայել Թադեւոսյանին սպառնում էր առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Ու մինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Ռաֆայել Թադեւոսյանի գործով քննությունը, 10 ամիս «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իր կալանքը կրող Ռաֆայել Թադեւոսյանը առեղծվածային պայմաններում մահացավ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ: Ֆրակցիայի քարտուղար է լինելու Վահե Էնֆիաջյանը: Պառլամենտում կլինեն ցուցակի կանայք, որովհետեւ նրանց տեղաշարժելը գենդերային օրենքի խախտում կնշանակի: Մյուս հաստատուն խումբն «ընտանիքի» ներկայացուցիչներն են` Արգամը եւ Դավիթը: Ի դեպ, Արգամ Աբրահամյանը չորրորդ ռեյտինգային ցուցանիշն ապահոված թեկնածուն է (մոտ 34 հազար ձայն), մյուս փեսան` Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթը նույնպես Ֆլեշի փեսայի՝ Սամվել Սանամյանի հետ պայքարում լավ ցուցանիշ է ապահովել (մոտ 21 հազար): Նապոլեոն Ազիզյանի թեմայից հետո հաջորդ քննարկվող թեման Վարդանիկ Ղուկասյանն է: Ըստ ԲՀԿ-ականների` Վարդեւան Գրիգորյանից հետո Գյումրիում հաջորդ լուրջ ցուցանիշն ապահոված Վարդանիկը, ըստ ամենայնի, կմտնի ԱԺ: Այնպես որ՝ ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի մասով օդիոզների բեռնաթափման նախապես թմբկահարված ծրագիրը չի իրագործվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի դպրոցների ձայնահավաք տնօրենները դաս են քաղել Դանիել Իոաննիսյանի գաղտնի ձայնագրությունից և ավագանու ընտրությունների շրջանում շատ զգուշավոր են գործում: Թեև, ըստ սովորույթի, նրանք ժողովներ են անում կոլեկտիվների հետ, հորդորում ընտրել ՀՀԿ-ին, սակայն ցուցակագրումներ չեն անում, խուսափում են ապացույցներ ստեղծելուց, ավելին՝ հորդորում են կոլեգաներին անծանոթների հետ չխոսել ընտրական թեմայով, առավել ևս՝ հեռախոսով: Ի դեպ, մեկ այլ իմաստով էլ են դաս քաղել՝ ամփոփելով իրենց խոստումներն ու փաստացի բերած ձայները, հասկացել են, որ դրանց փոքր մասն է իրականություն դարձել՝ կոլեկտիվները չեն ենթարկվել հրահանգներին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ԱԺ ընտրությունների արդյունքներից ոգեւորված, ամենուր հայտարարում է, որ Էրեբունու «ասողը» Պիստն է՝ թաղային հեղինակություն Արմենը՝ Անդրանիկ Մարգարյանի սանիկը, որի շնորհիվ էլ Էրեբունիում, Մհեր Սեդրակյանի գործուն բացակայությամբ, ՀՀԿ-ի համար լավ ցուցանիշ է ապահովվել։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ այս համայնքի տեր ու տնօրինությունը եղել է Սեդրակյանի ու նրա մերձավորների ձեռքում, նոր թաղապետի հայտարարությունը մինչեւ հոգու խորքը խոցել է Թոխմախի Մհերին, նրա մարդիկ Գրիգորյանին զգուշացրել են, որ «չափը ճանաչի», քանի որ ժամանակավոր է։ Իր հերթին Պիստը նույնպես չի ցանկանում Թոխմախի հետ սրել հարաբերությունները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:
Հայաստանում աշխատաշուկայի ներկայիս վիճակի պարագայում Աշխատանքային օրենսգրքի հարցը ոչ միայն հրատապ է, այլեւ նույնիսկ ուշացած: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, թե օրենսգրքի առկայությունից զատ՝ ինչպիսին է լինելու դրա կիրառումը: Այժմ գործատու-աշխատող հարաբերությունն ավելի շատ հիշեցնում է ֆեոդալ եւ ճորտ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ստրկատեր եւ ստրուկ հարաբերություն: Իհարկե, այդ ամենը բարեբախտաբար ոչ միշտ ունի ֆիզիկական դրսեւորում, սակայն բնույթի, էության առումով իրավիճակը, դժբախտաբար, այդպիսին է զգալի մասով: Հետեւաբար այն, իհարկե, պետք է փոխվի, սակայն թղթի վրա փոփոխությունը դեռ ամենեւին բավարար չէ իրական փոփոխության համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ առկա իրավիճակի պատճառը քաղաքական է՝ Հայաստանում խոշոր կապիտալի եւ քաղաքականության սերտաճումը, երբ քաղաքական որոշումներ կայացնողը այն մարդիկ են, որոնք էլ նաեւ հիմնական, խոշոր գործատուներն են: Աշխատակիցները այդ պարագայում նրանց համար վարչական ռեսուրս են քաղաքական իշխանության հասնելու կամ այդ իշխանությունը վերարտադրելու ճանապարհին: Այդ իրավիճակի վառ վկայությունը խորհրդարանի ընտրությունից հետո տարածված ձայնագրությունն էր «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովից, որտեղ քննարկվում էր սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար ձայն բերելու խնդիրը: Այդ ձայնագրության ֆոնին Կարեն Կարապետյանի հանձնարարությունը դառնում է առավել ուշագրավ՝ ստանալով նոր երանգ՝ ինտրիգի իմաստով…