Հայաստանում նախատեսվում է սահմանափակել երկրից մեկնած քաղաքացիների ընտրական իրավունքը
Հուլիսի 2-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԺ որոշմամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք օրենքների նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Զեկուցող Ալխաս Ղազարյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ այն լրամշակվել է Կառավարության առաջարկներով:
Հեղինակներն առաջարկում են ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր խմբագրմամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի 366 եւ ավելի օր գտնվող ՀՀ քաղաքացիները:
Մյուս փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի 366 եւ ավելի օր գտնվող ՀՀ քաղաքացիները:
Առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամկետում չեն ներառվում այն դեպքերը, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ-ում հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ դիվանագիտական ծառայություն անցնող անձի հետ արտերկրում բնակվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով: