Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր գտնվելու պահանջ՝ բացառություն սահմանելով այն դեպքերում, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում ԲՈՒՀ-ում ուսումնառության հանգամանքները: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասել է Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ հանձնաժողովի անդամներին ներկայացնելով իր, Հասմիկ Հակոբյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Արուսյակ Մանավազյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:
Զեկուցողի խոսքով նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարեւորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլեւ՝ բովանդակային կողմը: Պատգամավորը հայտնել է նաեւ, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են օրենքի հեղինակների կողմից. նախագիծը լրամշակվել է:
Նախագծերի փաթեթի հարակից զեկուցումը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են էապես տարբերվող պատկերացումներ ունենալ ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի ու ներքին զարգացումների վերաբերյալ, ուստի նաեւ հիմնավոր է համարել նոր կարգավորումների սահմանումն ու խնդրել բացառությունների ցանկում ներառել նաեւ առողջապահական նպատակներով արտերկրում գտնվելու հանգամանքը:
Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Հայաստանի քաղաքական կյանքը տարածվում է ՀՀ տարածքում, ուստի կարեւոր է, որ ընտրելու իրավունք ունենան անձինք, ովքեր մասնակցում են այս քաղաքական կյանքին ու կարող են ընտրություն կատարելուց հետո նաեւ օգտագործել վերահսկողական բոլոր գործիքներն ու հետեւել ընտրության արդյունքներին»,- ասել է ՆԳ նախարարը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակով օրենքի նախագծին: