Հաղթանակ զբոսայգու 9000 քմ հողատարածքը կվերադարձվի երևանցիներին
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Երևանի Հաղթանակի զբոսայգու շուրջ 9000 քառակուսի մետր տարածք կրկին կծառայի հանրությանը. քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մասնավոր հատվածից հողատարածքները համայնքին վերադարձնելու և մայրաքաղաքի գլխավոր հանգստյան գոտիներից մեկն արդիականացնելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի հունիսի 29-ի նիստում հայտնի է դարձել, որ խոսքը նույն ընկերությանը պատկանող երկու հարակից հողակտորների մասին է, գրում է ՍիվիլՆեթը: Բաբայան 1/1 հասցեում գտնվող 6900 քմ տարածքի սեփականատերը, բանակցությունների արդյունքում, համաձայնել է այն անհատույց հանձնել քաղաքին:
Միևնույն ժամանակ, մեկ այլ՝ մոտ 2000 քմ մակերեսով հատվածի համար, որը կառուցապատման իրավական սահմանափակումներ չունի, քաղաքային իշխանություններն առաջարկել են փոխանակում մեկ այլ հողատարածքով՝ այգու տարածքում անհամահունչ շինարարությունը բացառելու նպատակով:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ հանրային շահը միանշանակ գերակայում է մասնավորին՝ հավելելով, որ համայնքի զարգացումը չի կարող ստորադասվել տասնամյակներ առաջ կնքված խնդրահարույց պայմանագրերին:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այգու ժամանցային հատվածի վերակառուցմանը: Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանի տեղեկացմամբ՝ «Ուրախ ժամանց» ընկերության հետ կառուցապատման պայմանագրի ժամկետն ավարտվել է, և համայնքը հրաժարվել է այն երկարաձգել: Թեև առաջին ատյանի դատարանը մերժել է ընկերության բողոքը, գործն այժմ գտնվում է վերաքննիչ փուլում, և կիրառված արգելանքների պատճառով զբոսայգու արդիականացման ծրագիրը ժամանակավորապես սառեցված է մինչև դատական գործընթացների ավարտը:
Որպես նմանատիպ քաղաքականության հաջողված նախադեպ՝ պաշտոնյաները հիշատակել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից պուրակի վերադարձը համայնքին, որտեղ այժմ «ԱԿԲԱ Բանկի» հետ ստորագրված հուշագրի շրջանակներում համատեղ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: