Երևանը Հրազդանի կիրճին կշնորհի բնապահպանական հատուկ կարգավիճակ
Լուսանկարը` սոցիալական ցանցերից, օգտատեր` Harutyun Aghakhanyan
Հրազդանի կիրճը շուտով կարող է դառնալ Հայաստանում համայնքային նշանակության առաջին հատուկ պահպանվող բնական տարածքը: Նման որոշում է պատրաստվում ընդունել Երևանի ավագանին:
Համապատասխան որոշման նախագիծն արդեն ամբողջությամբ մշակվել է և առաջիկայում կդրվի մայրաքաղաքի ավագանու քննարկմանը։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանի փոխանցմամբ՝ այս նախաձեռնությունն իրագործելի է դարձել օրենսդրական վերջին փոփոխությունների շնորհիվ։
Նոր կարգավիճակի հաստատումը ոչ միայն Երևանը կդարձնի բնապահպանական հարցերում երկրի առաջատար համայնքը, այլև ծանրակշիռ քայլ կլինի Հայաստանում կայանալիք COP17 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման ուղղությամբ։ Որպեսզի տարածքի պահպանությունն ու վերահսկողությունն իրականացվի արդյունավետ, այն պետք է ունենա կառավարման հստակ պլան:
Այդ նպատակով Ասիական զարգացման բանկն արդեն համապատասխան մրցույթ է հայտարարել, ինչն ապագայում կերաշխավորի այս բնական գոտու անվտանգությունն ու գրագետ շահագործումը։