2.03.2026
Լուսանկարը` Keystone Press Agency / Global Look Press
prev Նախորդ նորություն

Հոգևոր առաջնորդի մահը վակուում չի ստեղծել. Իրանի դեսպան

Լուսանկարը` սքրինշոտ
Լուսանկարը` սքրինշոտ

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի զոհվելու փաստին։ Դիվանագետը վստահեցրել է, որ պետական կառավարման համակարգը կայուն է, իսկ Թեհրանի պատասխան ռազմական քայլերը պաշտպանական բնույթ ունեն և չեն սպառնում հարևաններին։


Մարտի 2-ին Երևանում կայացած ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի մամուլի ասուլիսը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Գերագույն առաջնորդի և խաղաղ բնակչության շրջանում զոհվածների, այդ թվում՝ շուրջ 170 ուսուցիչների և երեխաների։ Դիվանագետը նշել է, որ հոգևոր առաջնորդը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով այն ժամանակ, երբ զբաղված էր իր առօրյա պետական գործերով։


Դեսպանի խոսքով՝ Խամենեիի գաղափարները կշարունակեն ապրել, իսկ ժողովուրդն անմիջապես դուրս է եկել փողոց՝ սգալու նրա մահը և վերահաստատելու իր նպատակների համար պայքարելու վճռականությունը։ Շիրղոլամին առանձնահատուկ ընդգծել է զոհված առաջնորդի ջերմ վերաբերմունքը Հայաստանի, հայ ժողովրդի և տեղի հայ համայնքի նկատմամբ՝ հիշեցնելով հայկական պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված նրա հաստատակամ աջակցության մասին։


Դիվանագետը հավաստիացրել է, որ Իրանում իշխանության վակուում չկա։ Անցումային շրջանում երկրի կառավարումը շարունակում է Պահապանների խորհուրդը, որը մոտ ապագայում կներկայացնի նոր հոգևոր առաջնորդին։


Անդրադառնալով էսկալացիայի դիվանագիտական ֆոնին՝ Շիրղոլամին հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններում ցուցաբերում էր առավելագույն բարի կամք և ներկայացնում էր ճշգրիտ ու իրատեսական առաջարկներ։ Դեսպանը տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, թե ինչպես են բանակցությունների սկզբունքները չհարգող ուժերն առհասարակ մտել բանակցային փուլ։


Մեկնաբանելով Իրանի ռազմական պատասխանը՝ դեսպանը պարզաբանել է, որ հարվածները հասցվում են բացառապես տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և ուղղված չեն հարևան պետությունների դեմ։ Թեհրանը մտադիր է շարունակել ինքնապաշտպանությունը մինչև ագրեսիայի դադարեցումը։


Եզրափակելով խոսքը՝ Շիրղոլամին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունն արդեն համոզվել է իր խորհրդականների ճշմարտացիության հարցում, ովքեր նախազգուշացնում էին սկսված ռազմական արշավի բարձր գնի և բարդության մասին։