26.02.2026
Վարշավայում սկսվել է  Փաշինյանի և Տուսկի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատել է՝ ռուս սահմանապահները հեռացվել են «Ախուրիկ» անցակետից

ՀՀ կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները հեռացվել են և այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցի ուսումնասիրությունից, հաղորդում է NEWS.am–ը։


Մասնավորապես, «Ազգային անվտանգության ծառայություն» գլխի ներքո նշվում է. «2025 թվականի ընթացքում շարունակվել են աշխատանքները ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) տեխնիկական վերազինման, կադրերի համալրման, մասնագիտական կարողությունների զարգացման, ՀՀ պետական սահմանի պահպանության արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով։


2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները․ ներկայումս չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո»։


Հիշեցնենք, որ տարեսկզբին տեղեկություն տարածվեց «Ախուրիկ» անցակետից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ, սակայն, իշխանությունները չէին հաստատել այս տեղեկությունը։


Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուս սահմանապահները դուրս էին բերվել հայ-իրանական սահմանի անցակետից և «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին ծառայությունը իրականացվում է հայ սահմանապահների հետ համատեղ։