26.02.2026
Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են  բուժկենտրոն
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի նորացված ծրագիրը

Լուսանկարը` Ակադեմիական քաղաք Հայաստան ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Ակադեմիական քաղաք Հայաստան ֆեյսբուքյան էջից

Իշխանությունները թևակոխում են խոշորագույն գիտակրթական հանգույցի ստեղծման գործնական փուլ՝ հաստատելով լրամշակված ռազմավարությունն ու գլխավոր հատակագիծը։


Համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին կայացած ՀՀ Կառավարության նիստում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փաստաթղթի ընդունմանը նախորդել է 2023 թվականի աշնանը հաստատված նախնական հայեցակարգի հիման վրա իրականացված ծավալուն աշխատանքը։ Նախագիծն այժմ հասել է առանցքային հանգրվանի. ապագա կրթական կենտրոնի գլխավոր հատակագիծն արդեն ամբողջությամբ մշակված է և անցել է համալիր փորձաքննություն:


Բացի այդ, մշակվել է օբյեկտի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը: Նորացված հայեցակարգը մանրամասնորեն կանոնակարգում է Ակադեմիական քաղաքի հիմնարար տեսլականն ու առաքելությունը, հստակ տեղադիրքը, թիրախային ցուցանիշները, ինչպես նաև ենթակառուցվածքների ձևավորման սկզբունքները։


«Ակադեմիական քաղաքը» Հայաստանի կառավարության գլխավոր նախագծերից է, որի արժեքը գնահատվում է շուրջ 1,2 տրլն դրամ։ Մոտ 680 հեկտար տարածք զբաղեցնող մասշտաբային կամպուսը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում և նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տեղում: Գլխավոր հատակագիծը մշակվել է գերմանական հեղինակավոր gmp Architects ճարտարապետական բյուրոյի կողմից:


Նախատեսվում է, որ մեկ միասնական հարթակում կտեղակայվեն մինչև 16 պետական և միջազգային բուհեր՝ բաժանված չորս հիմնական կլաստերների (տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական): Քաղաքի ենթակառուցվածքները նախատեսված կլինեն շուրջ 44 հազար ուսանողների, դասախոսների և գիտնականների հարմարավետ կեցության, աշխատանքի և ուսման համար: Ներկայումս արդեն մեկնարկել է տարածքների մաքրման և նախապատրաստման գործնական փուլը, իսկ առաջին կլաստերների բացումն ու ուսանողների ընդունելությունը նախատեսված է 2030 թվականին:


 

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next