Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, բայց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը Հայաստանում, հետևում հետընտրական զարգացումներին, խմբագրում ընտրությունների մասին հրապարակվելիք զեկույցը: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը:
«Հիմա մենք գիտենք ավելին, քան ընտրությունների ժամանակ, բայց դեռ շատ վաղ է ընդհանրացնելը, թե ինչ ենք մենք տեսել. մեր վերլուծաբաններն աշխատում են զեկույցի նյութի վրա: Վերջնական զեկույցը կլինի շուտով»,- ասել է նա՝ նշելով, որ այն նախնական զեկույցից այնքան էլ չի տարբերվի։
Հարցին, թե նախնական զեկույցում նշել են, որ ապրիլի 2-ի ընտրությունները «լավ կազմակերպված» են եղել, բայց արձանագրել են նաև ձայների ուղղորդման, ընտրողների վրա ճնշումների և այլ խախտումների մասին, արդյոք դրանք չե՞ն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, Յան Պետերսոնը պատասխանել է, թե իրենց խնդիրն է գնահատել ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ուստի զեկույցը պարունակելու է հարցերի պատասխանները, թե ինչն է լավ ու ինչն այնքան էլ լավ չէ:
«Մենք գնահատում ենք համաձայն այն պարտավորությունների, որոնք ստանձնել են ԵԱՀԿ անդամները, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Պետերսոնը: Արձագանքելով ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերին, նա պատասխանել է, որ իրենց վերջնական զեկույցում բոլոր էլեմենտների մասին արձագանք տալու են:
«Տալու ենք ընտրություններին արդար գնահատական»,- հավաստիացրել է նա:
Նա նշել է, որ ընտրողների կողմից կա վստահության պակաս ընտրական գործընթացի հանդեպ, ու թեև որոշ ընտրական գործընթացներ իրականում շատ լավ ընթացան, բայց ավելին կա անելու դեռ:
«Ընտրությունների քաղաքական հետևանքները մեր զեկույցի մաս չեն լինի»,- հավելել է նա: