Իրանում ներքաղաքական լարվածությունը թուլացման նշաններ է ցույց տալիս. թեև գիշերային ակցիաները շարունակվում են, դրանց մասշտաբներն ու բռնության մակարդակը զգալիորեն նվազել են։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ իշխանություններին հաջողվել է իրավիճակը բերել կառավարելիության դաշտ, սակայն ճգնաժամի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է. որոշիչ են լինելու առաջիկա հանգստյան օրերը՝ հինգշաբթին և ուրբաթը։ Ներկայումս երկրում եռօրյա սուգ է հայտարարված՝ բախումների զոհերի հիշատակին։
Զուգահեռաբար, ուշադրության կենտրոնը փողոցային պայքարից տեղափոխվում է դիվանագիտական հարթություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Թեհրանի հետ շփումների առկայությունը՝ նշելով, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցել միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ կապը հաստատվել է հունվարի 10-ին, և այժմ քննարկվում են հանդիպման կազմակերպչական հարցերը։
Միևնույն ժամանակ, Թրամփը չի բացառել կոշտ գործողությունների հնարավորությունը մինչև բանակցությունները և հայտնել է նաև Իրանի ընդդիմադիր ուժերի հետ կապի մեջ լինելու մասին։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված պատմական համաձայնագիրը (ԳՀՀԾ) փաստացի փլուզվեց 2018-ին, երբ Թրամփի վարչակազմը միակողմանիորեն դուրս եկավ դրանից և վերականգնեց պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց կրճատել իր պարտավորությունները, իսկ 2025 թվականի հունիսյան էսկալացիայից հետո էապես սահմանափակեց միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ։
Իրանում սոցիալ-քաղաքական լարվածության ներկայիս ալիքը պայմանավորված է մի շարք տնտեսական գործոններով։ Որպես նախնական շարժառիթ ծառայել են կառավարության որոշումները՝ կապված պետական սուբսիդավորման համակարգի վերանայման և առաջին անհրաժեշտության ապրանքների ու էներգակիրների գների կտրուկ աճի հետ։
Ի սկզբանե որպես կենսամակարդակի անկման և գնաճի դեմ ուղղված գործարարների և քաղաքացիների խաղաղ հավաքներ՝ ակցիաները արագորեն ընդլայնել են իրենց աշխարհագրությունը՝ ընդգրկելով խոշոր քաղաքները։
Ըստ վերլուծաբանների՝ ցույցերի արմատականացումը տեղի է ունեցել մի քանի հանգամանքների բերումով։ Առաջին հերթին, հանրային դժգոհության ֆոնին տնտեսական կարգախոսները արագորեն փոխարինվել են քաղաքական պահանջներով։ Երկրորդ՝ իրավապահ մարմինների կոշտ հակազդեցությունը հանգեցրել է բռնությունների էսկալացիայի. ձերբակալություններին և հատուկ միջոցների կիրառմանը ցուցարարները պատասխանել են վարչական շենքերի և ենթակառուցվածքների վրա հարձակումներով։
Իշխանությունները այս գործողությունները որակում են որպես դրսից կառավարվող «խռովություն», մինչդեռ ցուցարարները պնդում են, որ սա երկրի ղեկավարությանը իրենց ձայնը լսելի դարձնելու միակ միջոցն է։