12.01.2026
Լուսանկարը` Անվտանգության խորհրդի
prev Նախորդ նորություն

Իրանում անկարգությունն արտերկրից ներթափանցած հատուկ խմբավորումներ են անում. նախագահ

Լուսանկարը` trtrussian.co
Լուսանկարը` trtrussian.co

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժողովրդին ուղղված իր ուղերձում հստակ տարանջատում է մտցրել քաղաքացիական անհնազանդության և զանգվածային անկարգությունների միջև՝ զգուշացնելով արտաքին ուժերի կողմից երկրում քաոս ստեղծելու փորձերից։


Երկրի ղեկավարը շեշտել է, որ թեև իշխանությունը ճանաչում է սոցիալական խնդիրների բարձրաձայնման օրինական իրավունքը, սակայն բռնության դրսևորումները համարում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուղղորդվող սցենարի մաս։


Պաշտոնական Թեհրանը հավաստիացրել է, որ կառավարությունը լսելի է դարձնում հանրության ձայնը և արդեն իսկ բանակցություններ է վարում գործարար շրջանակների ու ցուցարարների հետ՝ առկա տնտեսական մարտահրավերները լուծելու նպատակով։


Փեզեշքիանը խոստացել է ապահովել պետական աջակցության և սուբսիդիաների արդարացի բաշխումը բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից։


Միևնույն ժամանակ նախագահը խստորեն դատապարտել է հանրային սեփականության ոչնչացման, մզկիթների հրկիզման և մարդկանց դեմ ուղղված հարձակումների դեպքերը։ Ըստ Փեզեշքիանի՝ նման վայրագությունները, ներառյալ սպանությունները, իրականացվում են ոչ թե շարքային իրանցիների, այլ արտերկրից ներթափանցած հատուկ պատրաստություն անցած խմբավորումների կողմից, որոնց նպատակը երկիրը պառակտելն է։


Իրանում սոցիալական լարվածության ներկայիս ալիքը պայմանավորված է մի շարք տնտեսական գործոններով։ Որպես նախնական շարժառիթ ծառայել են կառավարության որոշումները՝ կապված պետական սուբսիդավորման համակարգի վերանայման և առաջին անհրաժեշտության ապրանքների ու էներգակիրների գների կտրուկ աճի հետ։


Ի սկզբանե որպես կենսամակարդակի անկման և գնաճի դեմ ուղղված գործարարների և քաղաքացիների խաղաղ հավաքներ՝ ակցիաները արագորեն ընդլայնել են իրենց աշխարհագրությունը՝ ընդգրկելով խոշոր քաղաքները։


Ըստ վերլուծաբանների՝ ցույցերի արմատականացումը տեղի է ունեցել մի քանի հանգամանքների բերումով։ Առաջին հերթին, հանրային դժգոհության ֆոնին տնտեսական կարգախոսները արագորեն փոխարինվել են քաղաքական պահանջներով։ Երկրորդ՝ իրավապահ մարմինների կոշտ հակազդեցությունը հանգեցրել է բռնությունների էսկալացիայի. ձերբակալություններին և հատուկ միջոցների կիրառմանը ցուցարարները պատասխանել են վարչական շենքերի և ենթակառուցվածքների վրա հարձակումներով։


Իշխանությունները այս գործողությունները որակում են որպես դրսից կառավարվող «խռովություն», մինչդեռ ցուցարարները պնդում են, որ սա երկրի ղեկավարությանը իրենց ձայնը լսելի դարձնելու միակ միջոցն է։

Լուսանկարը` ՌԲԿ-ի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան