9.01.2026
Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
prev Նախորդ նորություն

Նիկոլի հայտարարությունը չկրթված, անգետ մարդկանց համար է

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե «չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը 2018 թվականից ի վեր աճել է 50 տոկոսով»:


Ներեցեք, բայց սա եւս՝ չկրթված, անգետ մարդկանց համար արվող հայտարարություն է: Հայտարարություն, որի «հասցեատեր» կամ «սպառող» կարող է լինել միայն մարդը, որը կամ պարզապես «ի պաշտոնե» է հակված սպառել՝ այսինքն «ի գրպանե», կամ էլ մարդը, որի համար Նիկոլ Փաշինյանի ցանկացած տառ անգամ վերին ատյանի եւ անառարկելի ճշմարտություն է, անկախ, թե ինչ տառ է ու ինչ համատեքստում արտաբերված:


Ի վերջո, կար չէ՞ այդպիսի պատգամավորուհի, որը կարծես թե մինչ այժմ խորհրդարանում է, բայց հայտաարարել է, թե չի լինի նոր ցուցակում, որովհետեւ որոշել է գնալ բիզնեսի դաշտ: Այդ պատգամավորուհին էր 2018 թվականին հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի փոխարեն դատարկ թուղթ էլ բերեր, ինքը կարժանացներ այն հավանության:


Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չնայած բոլոր մարտահրավերներին՝ տնտեսությունն աճել է 50 տոկոսով՝ 7 տարիների ընթացքում:


Այո, եղել են մարտահրավերներ՝ կորոնավիրուս եւ պատերազմ: Սա անհերքելի է: Ընդ որում, կորոնավիրուսը մարտահրավեր է եղել ընդհանրապես համաշխարհային տնտեսության համար, բոլոր երկրների համար՝ անխտիր:


Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն իհարկե բացի ընթացիկ ծախս պահանջելուց, նաեւ բերել է հետեւանքների, որոնք Հայաստանի համար տնտեսական կարեւորագույն ռեսուրսային ուղղություններ «թողել» է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բայց, ինքնին պատերազմի մարտահրավերի հարցում կա մի շատ մեծ հարց՝ իսկ որքա՞ն է դրանում հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական իշխանության դերն ու պատասխանատվությունը: Սա թե ուղիղ, թե նաեւ հռետորական հարցադրում է, որովհետեւ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը լինելով իշխանություն՝ գլխավոր պատասխանատուն է այդ «մարտահրավերի» հարցում:


Այդ ամենով հանդերձ, եթե եղել է կորոնավիրուս ու պատերազմ, ապա հետո էլ եղել է ուկրաինական պատերազմ: Իսկ այդ մի պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն, եւ դատելով մի շարք հանգամանքներից՝ կորոնավիրուսի եւ 44-օրյա պատերազմների տնտեսական մարտահրավերի համեմատությամբ՝ թերեւս էապես ավելի մեծ ու «շահութաբեր» հնարավորություն, որ շարունակվում է արդեն գրեթե չորս տարի:


Արդեն չորս տարի այդ պատերազմը ձեւավորել է այնպիսի արտաքին կոնյուկտուրա, որը օգնել է մի քանի գործոնների բերումով անգամներով ավելացնել Հայաստանի տնտեսության ծավալներն ու վիճակագրությունը: Կրկնեմ՝ դա շարունակվում է արդեն չորս տարի:


Եվ, եթե սրան էլ վելացնում ենք այն, որ 2018-ից ի վեր եղել է գնաճ, իսկ վերջին տարիներին էլ բավականին բարձր գնաճ, ինչպես նաեւ ավելացնենք կրկնապաատկված պետական պարտքը, ապա կարող ենք հանգիստ արձանագրել, որ 2018-26 թվականներին Հայաստանի տնտեսության 50 տոկոս աճը գործնականում որեւէ կերպ պայմանավորված չէ Հայաստանում վարվող ինչ որ հմուտ քաղաքականությամբ: Եվ ավելին, հմուտ քաղաքականության դեպքում, տնտեսության ցուցանիշները պետք է լինեին անգամներով ավելի, իսկ պետական պարտքը՝ զգալիորեն պակաս:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան