Իր 93-ամյակից մեկ ամիս առաջ Շարլ Ազնավուրը դուրս եկավ Կրեմլի մեծ համերգասրահի բեմ և օվացիաները, որով նրան դիմավորեցին ու ճանապարհեցին աննախադեպ էին: Այս մասին գրում է RFI, Radio France internationale հոդվածագիրը՝ անդրադառնալով Ազնավուրի մոսկովյան համերգին:
Ըստ հեղինակի՝ հանդիսատեսը ոչ միայն նրա հետ հավասար երգում էր ու ոտնկայս անդադար ծափահարում, այլև արտասվում. «La Bohême»-ն ու «Une vie d’amour»-ը ստիպեցին մարդկանց վերհիշել երիտասարդությունը ու բոլոր հույզերը:
Ազնավուրը տարիք չունեցող մարդ է, որքան էլ դա պարզունակ է հնչում: Եվ խնդիրը միայն նրանում չէ, որ Ազնավուրը առանց դադարի երկու ժամանոց համերգի վերջում, մի կողմ շպրտելով պիջակը, անգամ պարի բռնվեց «Ցիգանոչկայի» տակ. ի վերջո, առողջ մարմինը դեռ երիտասարդության ցուցանիշ չէ: Բայց ակնհայտ է, որ տարեց երգչի ձայնը առաջվա պես առույգ է ու էրոտիկ: Թեև, գրում է հեղինակը, սա ոչ միայն Ազնավուրի հանելուկն է, այլև ողջ ֆրանսիական շանսոնի:
Երբ մի քանի օր առաջ Ազնավուրը ժամանեց Մոսկվա, ռուս լրագրողների հիմնական հարցն էր՝ ինչպե՞ս եք կարողանում այդ տարիքում այդքան գործունյա մնալ: Լրագրողների հետ հանդիպմանը վառ երկնագույն վերնազգեստով ու մուգ ակնոցներով ներկայացած Ազնավուրը արձագանքել էր՝ ողջ-առողջ եմ միայն հանդիսատեսի շնորհիվ:
«Անգամ եթե ես մի քիչ հոգնած եմ, դա ինձ չի կանգնեցնում: Ես պետք է բեմ բարձրանամ, քանի որ առաջին հերթին պետք է սիրել հանդիսատեսին, քանի որ հանդիսատեսն է մեզ սարքում, հարստացնում, ստիպում առաջ գնալ և անել ավելի շատ ու ավելի լավ, քան երեկ: Հանդիսատեսի շնորհիվ է, որ մենք երիտասարդ ենք մնում», - ասել է Ազնավուրը:
Ազնավուրը նշել է, որ իր գաղտնիքը էնտուզիազմի մեջ է՝ դա է միակ բառը, որ իր պատասխանի հիմքում է: Բայց ահա քաղաքականության վերաբերյալ հարցերին, որքան էլ ջանք գործադրեցին լրագրողները, նա չպատասխանեց.
«Ես շատ քաղաքական գործիչ ընկերներ ունեմ, բայց երբ մենք հանդիպում են՝ խոսում ենք արվեստից, գրականությունից, քանդակից, բայց ոչ երբեք քաղաքականությունից»:
Անդրադառնալով Ազնավուրի ոչ բեմական կյանքին՝ հեղինակը նշում է, որ նա ունի 2 հայրենիք՝ Ֆրանսիան, որտեղ շանսոնյեն ծնվել է, և պատմական հայրենիքը՝ Հայաստանը:
«Առաջինն Ազնավուրը սիրում է անսահման, իսկ 2-րդի նկատմամբ, ինչպես և արտագաղթողներից շատերը, իրեն մի քիչ պարտական է զգում: 1988թ. Գյումրիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց ողբերգությունից տուժածների օգնության հիմնադրամ, որն ավելի ուշ վերածվեց «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի: Երևանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, տեղադրված է շանսոնյեի արձանը: Ազնավուրի հոր անունը Միշա էր, ոչ թե Միխայիլ, այլ հենց Միշա: Եվ եթե նա շարունակեր ապրել Հայաստանում, նրա հանրահայտ որդուն այժմ կկոչեին Շահնուր Վաղինակ Միշայի Ազնավուրյան»,-եզրափակել է Բարաբաշը: