VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրից իր դեսպաններին՝ նրանց, ովքեր չեն առաջնորդվում «Ամերիկան՝ առաջնահերթ» կարգախոսով։ Հետ կանչվողների շարքում է նաեւ ՀՀ-ում դեսպան Քրիստինա Քվինը, որի հետկանչն անհանգստություն է առաջացրել ՀՀ իշխանական շրջանակներում։ Չնայած դեսպանին մի քանի ամիս էր մնացել` նա նշանակվել է 2023-ի հուլիսին, 3 տարին կլրանար 26-ի ամռանը։ Գաղտնիք չէ, որ Ուկրաինայից Հայաստան գործուղված ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է, աչք է փակում բոլոր ապօրինությունների, քաղբանտարկյալների, եկեղեցու դեմ իշխանական գրոհների վրա։ Մինչդեռ նախորդ ամիս Թրամփի որդին Հայաստան չեկավ հենց եկեղեցու դեմ հարձակումների պատճառով։ Թաքեր Կարլսոնին Նարեկ Կարապետյանի հարցազրույցից Թրամփ կրտսերը եկեղեցու դեմ հարձակման մասին իմանալուց հետո որոշեց հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից: Այնպես որ, ամերիկյան վարչակազմը, ի տարբերություն Քվինի, չէր կարող աչք փակել Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների վրա։ Դեսպանին մինչեւ ընտրությունները հետ կանչելը եւ նոր դեսպան գործուղելը, ըստ իշխանականների, պատահական չի արվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ: Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգեւորականներից, եթե պետք է` Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչեւ ընտրությունները լուծել հարցը:
Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաեւ կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, եւ այլեւս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած Փաշինյանին, այլեւ անկարող ընդդիմությանը, որն ի զորու չեղավ կանխել այդ ամենը։ Նախորդ շաբաթ նա ստուգողական թեստ էր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության, վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու, եւ ինչ քանակի զորք է պետք ներգրավել՝ վեհարանը գրավելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. Անցած շաբաթ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության 4 նիստ է անցկացրել՝ 2026 թ. նախընտրական ցուցակի թեկնածուներին գրանցել-չգրանցելու համար։ Նիստերը տեւել են 4.5 ժամ, 5 ժամ, 6 ժամ, իսկ վերջինը՝ շաբաթ օրվանը, 8.5 ժամ։ Կարելի է կարծել, թե երկրում ոչ մի խնդիր ու չլուծված հարց չկա, ուստի կառավարության ղեկավարն ու իր թիմը նվիրվել են կուսակցական աշխատանքին, ընդ որում՝ 6 ամիս անց կայանալիք ընտրությունների թեմայով։ Ոչ մի պետության ղեկավար, որի երկրում այսքան խնդիրներ կան կուտակված, նման շռայլություն իրեն թույլ չէր տա։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու մեկ-երկու ամսից, երբ ընտրությունների շունչն իրեն զգացնել կտա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ, տարբեր քաղաքական ուժեր եւ դեմքեր հանդիպումներ են ունենում՝ քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Այդ ուժերն են՝ «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Նժար» շարժումը, Վիկտոր Մնացականյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպում-քննարկումներից մանրամասներ չցանկացավ հայտնել։
«Ընդհանրապես, որևէ քաղաքական ուժի հետ մեր հանդիպումներից մանրամասներ չեմ ցանկանում հայտնել, որովհետև առայժմ ինչ-որ արդյունք չկա բանակցություններից։ Ուստի՝ դրա մասին խոսելն անիմաստ է», – ասաց Զուրաբյանը։ Հիշեցնենք, որ մինչ այս էլ մենք փորձել ենք ՀԱԿ մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանից տեղեկություններ պարզել այն մասին, թե ինչպես է ՀԱԿ-ը պատրաստվում համապետական ընտրություններին, որ ուժերի հետ են հնարավոր միավորում տեսնում, բայց ապարդյուն՝ ՀԱԿ-ից որեւէ մանրամասներ չեն հայտնել։ Նշենք, որ համապետական ընտրություններին ընդառաջ բավականին ակտիվ են գործում «Հայաստան» դաշինքը եւ նոր ձևավորված «Մեր ձեւով» շարժումը։ Այս երկու ուժերին զուգահեռ ակտիվ են գործում նաև արտախորհրդարանական ուժերը, սակայն մինչ այս պահը մանրամասներ հայտնել չեն ցանկանում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ-ում տարեվերջյան պարգեւատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական եւ քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգեւավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։ Ըստ այդմ՝ 4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգեւավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգեւատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգեւատրվեն 62-145 հազար դրամով։ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այնքան փող կա, որ ավելցուկ է տվել` բաժանելով չի վերջանում, ուրեմն այնպես հաշվեիք, որ ռախիտի գլխի չնմանվեր՝ վերեւը՝ տռզած, ներքեւը՝ բարակ»,- դժգոհեց մեր աղբյուրը։ Բացի պարգեւավճարը, նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։ «Խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում։ Բանակի բերնից կտրում՝ իրենց գրպանն են լցնում։ Թե ինչ է կատարվում սահմանին, ինչ վիճակում են դիրքերը, իրենց հետաքրքիր չէ»։ Միլիոնների պարգեւավճարը ՊՆ-ում համարում են նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշառք։
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել... Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին: Այդպես էլ ասել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»:
Լավ, ո՞ւմ է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ինչի՞ համար է հայտնում: Այն բանի, որ Իլհամ Ալիևը թույլ է տվել կամ համաձայնել է, որ ադրբեջանական տարածքով ինչ-որ երրորդ կամ չորրորդ կարգի ցորենով բեռնված գնացքի մի շարժակազմ ընթանա դեպի Հայաստան: Հա, ու մեկ էլ այն բանի համար, որ մեկ այլ շարժակազմով էլ մի 20 ցիստեռն բենզին մտնի Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան: Ասել, որ խայտառակություն է, նշանակում է՝ ոչինչ չասել:
Ախր, ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն: Այն նույն Ալիևի՞ն, որի հետ, կարելի է ասել՝ «համատեղ ուժերով», արցախցի հայերին տնազուրկ ու բնազուրկ են արել, հայրենազրկել: Չնայած, եթե Փաշինյանի ու քպականների համար Արցախը բեռ էր ու «վզի թոկ» էր, ապա տրամաբանություն կա. Ալիևի միջոցով նրանք ազատվել են պարանից ու հիմա ուրախ-ուրախ բացականչում են, թե Արցախը տվեցին ու ինքնիշխանություն ձեռք բերեցին: Դե, պարտությամբ հպարտացողներից ուրիշ ի՞նչ սպասել:
Ո՞ւմ է Փաշինյանը շնորհակալ ու երախտապարտ. այն նույն Ալիևի՞ն, որ մեր 5000 լուսավոր տղաների գլուխ կերավ: Շնորհակալ է ո՞ւմ, նրան, որ մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի ու պատանդ է պահում, զուգահեռ՝ նաև համաներում է հայտարարում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններին մասնակցածների նկատմամբ: Ալիևի՞ն, որ քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարած ստահակին նոր կոչում ու պաշտոն է շնորհում: Ալիևի՞ն, որի հրամանով քանդվում ու ավերվում են Արցախի հայկական հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները, պարզապես գյուղերն ու քաղաքները: Ալիևի՞ն, որ բացեիբաց հայտարարում է Հայաստանի տարածքը ևս զավթելու և ադրբեջանական թուրքերով բնակեցնելու մասին: Իսկ գուցե նրա համար է երախտապարտ ու շնորհակալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, Արևմուտքի հետ ձեռք ձեռքի պատրաստ են իրենց աջակցել իշխանությունը պահելու համա՞ր: Որ ի՞նչ անի, էլ ինչե՞ր զիջի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանին անցկացնում է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ տարեվերջյան նիստը, որի ընթացքում ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը: Նիստի շրջանակներում հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը Երևանի քաղաքային իշխանությունները օրակարգ են ընդգրկել «Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» զեկույցները: Դրանց շրջանակում Երևանի ավագանին «կրկին» այս անգամ հաջորդ տարվա համար, պետք է հաստատի քաղաքային տուրքերի և վճարների մասին նախագիծը այդ թվում սկանդալային «Կարմիր գծերի» թանկացման մասին նախագիծը։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը արդեն հայտարարել է, որ այսօր ավագանու նիստի ժամանակ դարձյալ բարձր վճարներով նախագիծ է ներկայացվելու քննարկման։ Հիշեցնենք, թե ինչումն էր այս ծրագրի սկանդալայինությունը․ Մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:
Քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկել է դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող դրույթները: Երկու գործերով էլ Վարչական դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է: Այժմ ստացվում է այնպես, որ եթե այսօր ավագանին քվեարկի և կրկին հաստատի տեղական վճարների դրույքաչափերը, ապա նախագիծը կրկին անվավեր կլինի, բայց գործող։ Իսկ եթե նիստում քվորում չապահովվի, ապա հնարավոր է նախագիծը կյանքի չկոչվի»։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք տարբեր տնտեսվարողներից ստանում դժգոհություններ, որ կառավարությունը հատկապես տարեվերջին անցել է ֆինանսական «տեռորի»: Մեր զրուցակիցները նշում էին, որ այս կառավարությունն առանց այդ էլ ամեն ինչ անում է գործարարներին խանգարելու, «քամելու» համար, իսկ այս շրջանում, ինչպես նախորդ մի քանի տարիներին, դա անում է առավել մեծ ջանասիրությամբ, «ամբողջ հոգով ու սրտով»: Ընդ որում, խոսքը միայն հարկերի մասին չէ. դա, իհարկե, առաջին տեղում է, այդ թվում՝ գերավճարների առումով: Խոսքը նաև պետական տուրքերի և տույժ-տուգանքների մասին է: Ի մասնավորի, մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ լիցենզավորված գործունեություն ծավալողները որոշ դեպքերում ստիպված են կրկնակի վճարում կատարել: «Այդպիսի բան միայն մեր երկրում ու այս իշխանությունների օրոք է երևի հնարավոր»,-ասում էին նրանք: Մասնավորաբար, խոսքն այն մասին է, որ տնտեսվարողները, նոր կարգի համաձայն, լիցենզիայի թարմացման, նոր լիցենզիա ստանալու շեմին կատարել են առաջիկա տարվա պետտուրքի վճարումը՝ տուգանքներից խուսափելու համար, լիցենզավորման գործընթացը տևել է 2-3 ամիս (ասում են՝ նման բան նախկինում չի եղել), հետո, որպեսզի լիցենզիան տան, պահանջում են կատարել վճարումը, որովհետև նախկինը վերաբերում է... նախկին՝ փաստացի չգործող լիցենզիային ու «հաշիվ չէ»: Կրկնենք, որ վճարումը վերաբերել է առաջիկա մեկ տարվան, ուրեմն՝ դեռևս 8-9 ամիս կա: Հաջորդ խնդիրը վերաբերում է տույժտուգանքներին: Տնտեսվարողներն ասում են, որ ամեն տեսակ չնչին, մանր վրիպումներ են փորձում գտնել, միայն թե տուգանեն: Մի խոսքով, ինչպես երևում է, կառավարության գործերն այնքան վատ են, որ անցել են ինտենսիվ փող «քերելու» գործին»։