ՊԵԿ նախագահը հայտնեց անկանխիկ առևտրի կտրուկ աճի մասին
Լուսանկարը` ՌԲԿ-ի
Հայաստանի տնտեսությունում շարունակվում է հարկային եկամուտների երկնիշ աճը, սակայն ամենաուշագրավ զարգացումը գրանցվել է վճարային համակարգում, որտեղ կանխիկ դրամը զիջում է դիրքերը։
Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց ոլորտի ցուցանիշները՝ արձանագրելով քաղաքացիների վարքագծի կտրուկ փոփոխություն։
Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ՊԵԿ ղեկավարը նշեց, որ թեև հավաքագրումների վերջնական պատկերը պարզ կդառնա դեկտեմբերի 20-ին, առկա տվյալներն արդեն խոսուն են։ Մասնավորապես, ՀԴՄ կտրոնների ընդհանուր քանակն աճել է 18 տոկոսով, իսկ դրամական շրջանառությունը՝ 11 տոկոսով։
Հակոբյանը հատուկ շեշտադրեց անկանխիկ գործառնությունների աննախադեպ ակտիվությունը. անկանխիկ եղանակով տրամադրված կտրոնների թիվն ավելացել է 52 տոկոսով, իսկ դրանցով ապահովված հասույթը՝ 31 տոկոսով, ինչը վկայում է առևտրի ոլորտի թափանցիկության մեծացման մասին։