Ավելի էժան է տունը գնել, քան մենավոր տան համար ճանապարհ կառուցել. Փաշինյան
Լուսանկարը` factor.am
ՀՀ վարչապետը անարդյունավետ է համարում մենավոր տների համար խոշոր ենթակառուցվածքային ներդրումներ կատարելը՝ առաջարկելով դրա փոխարեն պետական միջոցներով գնել այդ բնակարաններն ու բնակիչներին տեղափոխել։
Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հիմնական բնակավայրերից կտրված առանձնատների խնդրին, որոնք տարիներ շարունակ պետությունից պահանջում են գազ և ճանապարհ։ Վարչապետի հաշվարկով՝ մեկ տան համար մոտ 150 միլիոն դրամի ճանապարհ ու գազատար անցկացնելը միջոցների վատնում է և անարդար՝ համայնքի մյուս բնակիչների նկատմամբ։
Որպես ռացիոնալ լուծում՝ գործադիրի ղեկավարն առաջարկեց նման դեպքերում գույքը ճանաչել հանրային գերակա շահ, շուկայական արժեքից 15 տոկոս ավելի գումար տրամադրել սեփականատերերին և նրանց «էվակուացնել» դեպի բնակավայրի կենտրոնական հատվածներ։ Փաշինյանի խոսքով՝ այդ գումարով քաղաքացին կարող է մի քանի բնակարան գնել այնտեղ, որտեղ կոմունալ բոլոր հարմարություններն արդեն առկա են։