Հայաստանը 5 տարով ազատեց չինական հումքը հակադեմպինգային տուրքից
Լուսանկարը` sunsirs.com
Հայաստանի կառավարությունը հաստատել է արտոնյալ առևտրային ռեժիմ Չինաստանից ներկրվող արդյունաբերական հումքի համար՝ նպատակ ունենալով առաջիկա հինգ տարիներին աջակցել տեղական արտադրողներին։
Դեկտեմբերի 18-ի նիստում գործադիրը սահմանեց արտոնություն, որը թույլ կտա խուսափել լրացուցիչ մաքսային վճարներից ԵԱՏՄ կանոնակարգերի շրջանակում։
Ըստ ընդունված որոշման՝ Չինաստանից ներմուծվող տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերն ու պատրաստուկները ազատվում են հակագնագցման (դեմպինգային) տուրքից։ Արտոնությունը գործելու է 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2030 թվականի նույն ժամանակահատվածը՝ տարեկան 250 տոննա քվոտայի սահմաններում։
Այս քայլով պաշտոնական Երևանը ապահովում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման կատարումը՝ հնարավորություն տալով տնտեսվարողներին ներկրել անհրաժեշտ քիմիական հումքը առանց հավելյալ ֆինանսական բեռի։