16.12.2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն չի մեկնաբանում Վելայաթիի՝ «Թրամփի ուղու» մասին կոշտ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի՝ Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը Թրամփի ուղու վերաբերյալ արված հայտարարությունը։


ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը հայտնի է։ «Հանդիպման վերաբերյալ ՀՀ դեսպանության կողմից տրվել է հաղորդագրություն, խնդրում եմ առաջնորդվել դրանով»,- հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը NEWS.am-ին։


Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, պարզապես այլ անվան տակ, այդ իսկ պատճառով Իրանը կտրանապես դեմ է դրան։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այդ ծրագիրն այժմ առաջ է մղվում ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու միջոցով։


«Իրանը ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ին ներկայություն ունենալ Իրանի հյուսիսում՝ անվտանգային լուրջ ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը սկզբում թվացյալ տնտեսական նախագծերով թափանցում է զգայուն տարածաշրջաններ, սակայն աստիճանաբար այդ ներկայությունն ընդլայնվում է՝ ներառելով ռազմական և անվտանգային բաղադրիչներ»,- իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Վելայաթին։


 

Ռուբեն Ռուբինյան. Իրանի շահերը Հայաստանի հետ մեծ մասամբ համընկնում են
Հաջորդ նորություն next