Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի կողմից «Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի վերաբերյալ հնչող մտահոգություններին: Մասնավորապես, Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, որ նախագիծը հետևում է «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությանը և կարող է անվտանգային սպառնալիքներ ստեղծել Իրանի համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ներկայության միջոցով:
Ռուբինյանը հիշեցրել է, որ զուգահերյա հրապարակումներում նշվել է նաև Հայաստանի դեսպանի դիրքորոշումը իրանական կողմին՝ ընդգծելով, որ TRIPP-ը բացառապես բիզնես նախագիծ է: Այն կգործի Հայաստանի լիակատար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո՝ հիմնված փոխադարձ հավասարության սկզբունքների վրա: «Սա ոչ թե Զանգեզուրի միջանցք է, այլ բոլորովին այլ նախագիծ», - նշել է նա:
Փոխխոսնակը ընդգծել է, որ Հայաստանը մշտական կապի մեջ է իրանցի գործընկերների հետ, տեղեկացնում է զարգացումների մասին և հաշվի է առնում նրանց զգայունությունները: Իրանի շահերը հաշվի են առնված, և կարևոր է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ նախարարը, բազմիցս հաստատել է, թե նախագիծը չի խախտում իրենց կարմիր գծերը և նույնիսկ հնարավորություններ է ստեղծում Իրանի համար:
Ինչո՞ւ են այդ դեպքում պարբերաբար հնչում մտահոգություններ իրանական կողմից: Ռուբինյանը պատասխանել է, որ ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշումը արտահայտում է արտաքին գործերի նախարարությունը, և Հայաստանը հենվում է հենց դրա վրա:
«Կարող ենք արձանագրել հետևյալը. առաջին՝ բացառվում է Հայաստանում որևէ նախագծի իրականացում, որը կհակասի մեր ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը և չի գտնվի մեր լիակատար վերահսկողության ներքո: Երկրորդ՝ մենք հաշվի ենք առնում հարևանների կենսական շահերը, և Իրանի դեպքում դրանք մեծ մասամբ համընկնում են Հայաստանի շահերի հետ: Չկա անհանգստանալու որևէ պատճառ, և մենք շարունակում ենք սերտ կապը բոլոր գործընկերների հետ», - ասել է Ռուբինյանը:
Նա ուրախությամբ նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է՝ միջանցքի խնդիր չկա, կարմիր գծերը հաշվի են առնված: «Սա ոչ միայն Իրանի, այլև առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է՝ մեր տարածքով արտատարածքային միջանցք երբեք չի լինի»: