Ոստիկանությունն այցելել է լրագրող Սյուզի Բադոյանի տուն
Լուսանկարը` artsakh.news
Ոստիկանության այցը լրագրող Սյուզի Բադոյանի տուն լայն արձագանք է գտել՝ քաղաքական հետապնդման մեղադրանքներով։ «Անտիֆեյք» շարժման հիմնադիր Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ իրավապահ մարմինները փորձում են լրագրողին ստիպել ցուցմունք տալ դպրոցներից մեկում թմրանյութերի տարածման վերաբերյալ նրա հայտարարության շուրջ, ինչը, Սամսոնյանի կարծիքով, ճնշում գործադրելու փորձ է։
Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության աշխատակիցներն այցելել են լրագրող Սյուզի Բադոյանի տուն։ Այդ մասին իր հայտարարության մեջ ասել է Նարեկ Սամսոնյանը։ Նրա խոսքով՝ լրագրողը տանը չի եղել, և ոստիկանությունը հարցուփորձ է արել հարևաններին՝ հետաքրքրվելով՝ արդյոք նա բնակվում է այդ հասցեում։ Սամսոնյանը պնդում է, որ գործողությունը ղեկավարում է քաղաքական հարցերով զբաղվող բաժինը, և դա անվանել է «տիկին նախարարի կողմից անձնական կուրացիա»։
Սամսոնյանը հայտնել է, որ այցելության պատճառ է դարձել Բադոյանի՝ «Իմնեմնիմի» հաղորդման եթերում արած հայտարարությունը։ Լրագրողը պատմել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ դպրոցներից մեկում միջին դասարանցիներին թմրանյութ են հյուրասիրել։ Միևնույն ժամանակ, նա շեշտել էր. «Ես չգիտեմ՝ այս ինֆորմացիան ինչքանով է ճիշտ, առավոտյան ճշտելու եմ, Աստված եմ կանչում, որ ես սխալված լինեմ»։
Նարեկ Սամսոնյանը վրդովմունք է հայտնել այն փաստի առթիվ, որ մի երկրում, որտեղ, իր խոսքով, «օր ու մեջ մարդ են սպանում», ոստիկանությունը զբաղվում է լրագրողին հետապնդելով։ Նա այս միջադեպը որակել է որպես «բացահայտ հետապնդում կամ հետապնդման փորձ» Սյուզի Բադոյանի նկատմամբ։ Նրա կարծիքով՝ այս դեպքը «քաղաքական հակառակորդներին լռեցնելու» ավելի լայն արշավի մի մասն է։