Անհետ կորած զինվորների հարազատները. «Ինչո՞ւ ՊՆ-ը քայլեր չի ձեռնարկում»
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Գլխավոր շտաբի ղեկավարության հետ։ Նրանք հայտարարել են, որ տեղեկություններ ունեն իրենց հարազատների գտնվելու վայրի մասին և պաշտոնյաներին մեղադրել են անգործության և երկխոսությունից դիտավորյալ խուսափելու մեջ։
Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարության շենքի մոտ էին հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները։ Ակցիայի մասնակիցներից մեկը՝ 2020 թվականի պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, խորը վրդովմունք է հայտնել։ «Իմ ունեցած տվյալներով, այստեղ [Պաշտպանության նախարարությունում] իմացել են՝ որտեղ են մեր երեխաները, որը որ լագերում է։ Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկել երեխաներին բերելու համար։ Ինչու են քաշվել մի կողմ ու վերջ, անունն էլ պաշտպանության նախարարություն է։ Ո՞ւմ են պաշտպանում»,- հարցադրում է արել նա լրագրողների հետ զրույցում։
Ղուկասյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, նրա խորհրդական Կամո Վարդանյանի և ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Առաքել Մարտիկյանի հետ։ Նրանց առաջարկել են հանդիպել ԳՇ պետի տեղակալի հետ, բայց նրանք հրաժարվել են։ «Մենք իրեն հարց չունենք տալու։ Կհարցնենք՝ ո՞ւր է քո ղեկավարը… Այսքան ժամանակ Էդվարդ Ասրյանի հետ չենք հանդիպել։ Դիտավորյալ է ձգձգում մեզ հետ հանդիպումը»,- ասել է Արսեն Ղուկասյանը։
Ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ ՊՆ պաշտոնյաների հետ իրենց հանդիպումները մշտապես ուղեկցվում են խնդիրներով։ Ավելի վաղ օրը ՊՆ վարչական շենքի դիմաց քաշքշոց էր տեղի ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների և ռազմական ոստիկանության ծառայողների միջև։ Ներկայումս նրանք շարունակում են սպասել ղեկավարության հետ հանդիպմանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության տվյալներով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից և 2020-2023 թվականների մարտական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում մոտ 300 մարդ։