25.09.2025
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2026 թվականի ծրագիրը

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստանի կառավարությունն սեպտեմբերի 25-ի նիստում հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը։ Այս որոշման նպատակը Սևանը՝ որպես քաղցրահամ ջրի ազգային և տարածաշրջանային նշանակության ավազան, պահպանելն է, նրա էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելը և ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելը։


Ծրագրի ընդունումն ուղղված է լճի էկոլոգիական վիճակի բարելավմանը, կենսաբազմազանության պահպանությանը և կենսապաշարների կայուն օգտագործմանը։ Ակնկալվում է, որ դրա իրականացումը հնարավորություն կտա մաքրել լճափնյա տարածքները անտառաշերտերից, բարելավել ռեկրեացիայի զարգացումը, արդյունավետացնել կենցաղային թափոնների կառավարումը և կատարելագործել «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգը։


Սևանա լիճը Կովկասի ամենամեծ և աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է, որը գտնվում է Հայաստանում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Նրա առավելագույն խորությունը հասնում է մոտ 83 մետրի։


Հայաստանի համար Սևանը հսկայական նշանակություն ունի. այն երկրի քաղցրահամ ջրի գլխավոր աղբյուրն է և ամենամեծ ջրային պաշարը։ Լիճը առանցքային դեր է խաղում գյուղատնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։ Սևանի ջուրը օգտագործվում է ոռոգման և հիդրոէլեկտրակայանների կասկադում էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Բացի այդ, այն հանգստի և զբոսաշրջության հայտնի վայր է, որն ամեն տարի հազարավոր այցելուներ է գրավում։

Լուսանկարը` armradio.am
Հաջորդ նորություն next