Մենք բաց ենք բանակցությունների համար և կարծում ենք, որ լուծման որոնումների ճանապարհը կապված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ընդունելու ու հարգելու հետ: Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, մյուս բոլոր հարցերը սրան հետևողներն են և պետք է լուծվեն Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու ազատ զարգանալու իրավունքի ապահովման շրջանակներում: Վիգեն Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել, իրականացնել հակահայ քարոզչություն, սակայն հայկական կողմը չի հոգնում խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատելուց` միևնույն ժամանակ պատրաստ լինելով ամենաանցանկալի զարգացումներին.
«Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած զարգացման, քանի որ Ադրբեջանում բացակայում է զինված ուժերի նկատմամբ ցանկացած վերահսկողություն: Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 0-ից 100 տոկոս է: Ցանկացած էսկալացիա կբերի լայնամասշտաբ պատերազմի, որը կստեղծի լիակատար քաոս, բայց չի լուծի խնդիրները», - նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտոնի և այդ դեպքում իր գործընկերներն իրեն հնարավորություն կտան շարունակելու աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում: Ոլորտում, նրա խոսքով, շատ խնդիրներ կան, որոնք կոմպլեքս լուծում են պահանջում, շատ անելիքներ ունեն հայկական զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները շարունակելու առումով:
«Ես շատ անելիքներ եմ տեսնում նաև ոլորտում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով: Ուստի, ես շատ երջանիկ կլինեմ, եթե ընտրությունների արդյունքները հնարավորություն տան շարունակելու այն աշխատանքը, որ մենք սկսել ենք 6 ամիս առաջ և վստահ եմ, որ կարող ենք մինչև վերջ տանել»,- շեշտել է նա:
Հաջորդ ուղղությունը, որտեղ Վիգեն Սարգսյանը անելիք է տեսնում.
«Հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը զինված ուժերի շարքերում ծառայում են պարտադիր ժամկետային հիմունքներով, ես նաև կարևոր եմ համարում, որպեսզի զինվորական ծառայության երկու տարիները մեր քաղաքացիների համար լինեն ոչ միայն հայրենիքին սուրբ պարտքը տալու տարիներ, այլ այդ տարիների ընթացքում մեր երիտասարդները հնարավորություն ունենան լրացուցիչ կրթություն ստանալ, զարգացնել կարողությունները և գիտելիքները ու ծառայությունից հետո քաղաքացիական կյանք վերադառնալ գիտելիքների, հմտությունների ամուր պաշարով»,- ասել է նախարարը: