9.09.2025
ՀՀ գլխավոր դատախազն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ
prev Նախորդ նորություն

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40%-ը

Ըստ որոշակի հաշվարկների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացիները, որոնք սկսել են աշխատել, օրինակ, 20 տարեկանից, կենսաթոշակային տարիքում կստանան թոշակ, որը համապատասխան կլինի իրենց վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսին: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:


«Կենսաթոշակային ֆոնդը կառավարում է քաղաքացու գումարները, որ քաղաքացին, երբ անցնի թոշակի, ունենա նորմալ եկամտի միջոց՝ իր կյանքը շարունակելու համար»,–ասաց Գալստյանը: Ըստ նրա՝ խելամիտ չէ, որ կենսաթոշակային ֆոնդերը քաղաքացիների խնայողությունների հաշվին անեն ռիսկային ներդրումներ: Նրանք պետք է հիմնական ներդրումներն անեն այն ուղղություններում, որոնք ավելի քիչ ռիսկ են պարունակում:


«Վերջերս ԱԺ–ն հնարավորություն ընձեռեց կենսաթոշակային ֆոնդերին առկա միջոցների 10 տոկոսն ուղղել տնտեսության իրական հատված: Դա կենսաթոշակային ֆոնդերը կանեն: Բայց, որպես կանոն, աշխարհի բոլոր երկրներում կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ամենապահպանողական ներդրողները, որոնք ներդրումն անում են 0 ռիսկին մոտ ակտիվների մեջ, որոնց մի մասը հենց պետական պարտատոմսերն են»,-ասաց ԿԲ նախագահը:


Նա ընդգծեց՝ ներդրումների հիմնական նպատակը մարդկանց գումարները գնաճից պաշտպանելն է: Նույնը կենսաթոշակային ֆոնդերի դեպքում է: Այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի՝ գնաճով ճշգրտված եկամտաբերությունը մոտ 7 տոկոս է:


«Մեր հաշվարկներով՝ մարդը, որը սկսել է աշխատել 20 տարեկանից ու 63 կամ 65 տարեկանում գնալու է թոշակի, ի տարբերություն մեր ծնողների, որոնք այսօր ստանում են ցածր թոշակ, մենք ունենալու ենք թոշակ, որը համապատասխանելու է մոտավորապես մեր վերջին աշխատավարձի 40 տոկոսին»,-ասաց ԿԲ նախագահը:


 

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ավստրիայի ԱԽ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան