Վարդապետյանը իր շվեցարացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ուղիները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության գլխավոր դատախազ Սթեֆան Բլեթլերին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա այսօր կայանալիք ժողովի ընթացքում:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի գլխավոր դատախազին՝ ԴՄԱ համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման հրավերն ընդունելու և քրեական արդարադատության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համար: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի դատախազությունների միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանում քննվող՝ փողերի լվացման հանցակազմով քրեական վարույթներով Շվեյցարիայի գործընկերների կողմից ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջազգային-իրավական համագործակցության զարգացման հնարավորություններին և Եվրաջասթի շրջանակում փոխգործակցության խորացման հեռանկարներին: