8.09.2025
Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման արդյունքներով
prev Նախորդ նորություն

Շատ հայկական Մոնա Լիզան՝ «Մոնա Լիզա» նոր կատակերգությունում

«Բոհեմ» թատրոնում սեպտեմբերի 10-ին և 11-ին` ժամը 19։00-ին, տեղի կունենա «Մոնա Լիզա» ներկայացման պրեմիերան։


Սիրային եռանկյունի թանգարանում` պատմական հայացքի ներքո, որտեղ հանդիսատեսն ու դերասանները ժամուկես միասին կապրեն ընտանեկան բոլորիս ծանոթ զավեշտալի իրավիճակներում։

Ներկայացման ռեժիսոր և սցենարիստ Թելման Առաքելյանը նշում է, որ հանդիսատեսը ամբողջությամբ ընկղմվելու է թանգարանային իրականության մեջ.


«Ոչ միայն հետևելու ենք բեմական կերպարների զարգացմանը, այլ նաև լսելու ենք փոքրիկ մեկնաբանություններ բոլորիս հայտնի արվեստի գործերի կողմից»։ 


«Ես ու կերպարս՝ Արմինեն, մոտ ենք միայն մի բանով, որ երկուսս էլ սիրում ենք հոգեբանությունը, իսկ առհասարակ այս դերն ինձ համար բավականին նոր հնարավորություն տվեց` փորձելու հասկանալ կնոջը, ով ընտրում է տղամարդու, ում ես երբեք չէի ընտրի»,- նշում է Թամարա Պետրոսյանը։


 Իսկ Զառա Սահակյանը մինչ առաջնախաղն ընդգծում է, որ Տոմայի և Թելմանի հետ աշխատել էին հեռուստանախագծերում, իսկ ներկայացումը լավ հնարավորություն էր տեսնել ընկերներին բեմական փորձերի ժամանակ. «Կարծում եմ` ստեղծել ենք իրոք ընտանեկան մթնոլորտ, որը սիրով փոխանցելու ենք հանդիսատեսին»։


 «Մոնա Լիզային ամբողջությամբ նմանակում չի լինելու, քանի որ բոլորս հասկանում ենք` դրա համար հարկավոր է Դա Վինչիի ներկայությունը։ Փորձել եմ պարզապես հայկական քթով, իտալական էմոցիաներով մի աղջկա անունից պատմել ներկայացումը»,- բացահայտեց Նվարդ Դուդուկչյանը` չնայած նրան, որ ստեղծագործական կազմն ամեն կերպ գաղտնի էր պահում Մոնա Լիզայի կերպարը։ 


Ներկայացման պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը նշեց, որ սա Թելման Առաքելյանի հետ արդեն երկրորդ ներկայացումն է «Բոհեմ» թատրոնի՝ «Երիտասարդները մեր ներկան» նախագծի շրջանակում։


«Առաջինն «Անտանիք ընտանիք» ներկայացումն է, որն իրոք ունեցավ մեծ հաջողություն, ինչը փաստում է երեք տարի բեմում լինելը։ Իհարկե, հուսով ենք, որ «Մոնա Լիզա» ներկայացումը նույնպես կունենա այդ ճակատագիրը»,-հավելեց նա։



Իսկ, թե ինչո՞ւ «Մոնա Լիզա», կպարզենք սեպտեմբերի 10-ին և 11-ին ժամը 19։00-ին Բոհեմ թատրոնում։

Լուսանկարը՝ petutyun.com
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ Yerevan.today
08.09.2025
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Երևանում