4.09.2025
ԱՄՆ-ից հյուրեր են գալու՝ քննարկելու 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը». ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Արի ու տես, որ պարզունակ պրոպագանդան անում է իր գործը

Մեզանում պարբերաբար կրկնվում է, կներեք՝ մի անհեթեթություն, թե աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Արցախն անկախ, չի ճանաչել Ադրբեջանի կազմից դուրս:


Այդ մեխանիկական կրկնության աղբյուրն իհարկե իշխանական քարոզչությունն է, որն ունի իր հաշվարկն ու մոտիվը: Թե ինչ մոտիվ ունեն կրկնողները, սա այլ հարց է, գուցե ամեն մի դեպքում՝ առանձին հարց:


Ինչպես կարող էր որեւէ երկիր ճանաչել Արցախն անկախ կամ Ադրբեջանի կազմից դուրս, եթե այդ հարցի առնչությամբ կար միջազգային մանդատի ներքո իրականացվող կարգավորման խաղաղ գործընթաց: Այդ գործընթացի պարագայում, գնալ ճանաչման, նշանակում էր գնալ այդ գործընթացի դեմ: Օրինակ, հենց այդ պատճառաբանությամբ է նաեւ, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ասելով, որ այդ դեպքում կնշանակեր մարտահրավեր նետել խաղաղ կարգավորման միջազգային մանդատին:


Կրկնեմ, դա ոչ թե այն պատճառով, որ այդ մանդատը բացառում էր անկախության ճանաչումը, այլ որովհետեւ այդ մանդատը ենթադրում էր կարգավորման որեւէ տարբերակի՝ բացառապես խաղաղ եւ ոխադարձաբար, բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակ, որ այդ տարբերակին համաձայն լինեին բոլոր կողմերը: Կհամաձայներ Ադրբեջանը անկախությանը, թե ոչ, սա արդեն հարցի մյուս կողմն է: Նույն հարցի մեկ այլ կողմ էլ այն է, թե արդյո՞ք Հայաստանը կհամաձայներ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն:


Բայց, հենց այս անհամաձայնություններով է, որ պայմանավորված էր կոնֆլիկտը, այն կարգավորելու միջազգային խաղաղ գործընթացը եւ լուծումների փնտրտուքը:


Հիմա, եթե այդ ընթացքում որեւէ պետություն ճանաչեր Արցախի անկախությունը, կնշանակեր, որ այդ պետությունը ձեռնոց է նետում խաղաղ կարգավորման միջազգային մանդատին: Բնական է, որ ոչ մի պետություն չուներ դրանից որեւէ շահ, հետեւաբար չէր ճանաչելու անկախություն, առնվազն քանի դեռ կար հակամարտության կարգավորման խաղաղ գործընթաց ու փոխզիջումային կարգավորման փնտրտուք՝ միջազգային մանդատի ներքո:


Թվում է, որ սա շատ պարզ մի բան է, որ պետք է մեզանում չունենար հավելյալ բացատրությունների կամ հասկացվելու բարդություն, բայց, արի ու տես, որ պարզունակ պրոպագանդան անում է իր գործը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը