4.09.2025
Ադրբեջանը չի հրաժարվել  իր զավթողական ծրագրերից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ից հյուրեր են գալու՝ քննարկելու 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը». ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Իշխանական լավատեղյակ աղբյուրները մեզ փոխանցեցին՝ այցի օրակարգը վերաբերում է այն ծրագրին, որը հրապարակային դաշտում հայտնի է որպես «42 կիլոմետրանոց՝ Թրամփի միջանցք»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամերիկացի հյուրերը քննարկելու են ոչ միայն միջանցքի տեխնիկական ու քաղաքական մանրամասները, այլեւ ներդրումների ծավալը, առաջնահերթությունները, ինչպես նաեւ շինաշխատանքների մեկնարկի ժամկետները։ Ըստ աղբյուրների՝ այցի նպատակն է հստակեցնել քայլերի հաջորդականությունը, որոնք ուղղված են արդեն նախաստորագրված Թրամփ-Ալիեւ-Փաշինյան հուշագրի տարբերակի գործնական իրականացմանը։ Այս պահին պաշտոնական աղբյուրները լռում են թե՛ այցի մանրամասների, թե՛ օրակարգի մասին։ Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումները լինելու են փակ ձեւաչափով, իսկ որոշումները ուղիղ կապ են ունենալու տարածաշրջանում ճանապարհային նոր իրականություն ձեւավորելու հետ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արսեն Թորոսյանի սոցապնախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, 2 թեկնածու կա․ մեկը հանձնաժողովի ներկայիս փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանն է, որը բախտի բերմամբ մանդատ է ստացել, ապա՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Լուսինե Բադալյանի հրաժարվելու պատճառով, սակայն ՔՊ -ում նրան չեն համակրում: Բոլորը հիշում են, որ նա թիվ 1 քաղաքական մարմնում հայտնվել է առանց բարձրագույն կրթություն ունենալու եւ հակված են նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանի թեկնածությանը։ Սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք նստաշրջանից առաջ ՔՊ-ն նիստ կանի եւ կընտրի հանձնաժողովի նախագահ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Միքայել եւ Բագրատ սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել։ Դատախազներ Հայկ Հովհաննիսյանը եւ Վահան Հարությունյանը, որոնք դատարաններում պաշտպանում են բարձրաստիճան հոգեւորականների մեղադրանքները, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում բարձր պաշտոնի․ Հայկ Հովհաննիսյանը՝ վարչության պետ, Վահան Հարությունյանը՝ նրա տեղակալ։


Նշենք, որ վերջինս նաեւ ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանի գործով դատախազն է։ Նա վերջին նիստում դատարանին համոզում էր՝ լուրջ հիվանդություններ ունեցող Հակոբյանին ազատ չարձակել։ Այս վարչությունը նախկինում գլխավորել է Արմեն Փանոսյանը, որը Վարդապետյանի որոշմամբ տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերության` «Սպայկա»-ի 100-ից ավելի բեռնատարների մուտքը Ռուսաստան դադարեցված է: Ռուսաստանի իրավապահ մարմիններն առանց որեւէ պատճառաբանության կանգնեցրել են բեռնատարները: ՀՀ պատկան մարմինները հայտարարել են, որ բեռների որակի հետ կապված ահազանգեր ռուսական կողմից չեն ստացել։ Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ռուսաստանի` «Սպայկայի» նկատմամբ վերաբերմունքը քաղաքական է: Վերջին շրջանում այս ընկերության տնօրենը հաճախ է ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպանին, եւ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր են տարածում, ինչը դուր չի գալիս ռուսներին: Վերջին հանդիպումը մոտ երկու շաբաթ առաջ է կայացել։


«Դեսպան Քվինը եւ ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը շրջեցին ընկերության արտադրական հզորություններում, իսկ այցի ավարտին՝ քննարկումների սեղանի շուրջ, ունեցան մտքերի փոխանակում ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի խորացման վերաբերյալ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։ «Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։ Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլեւ Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման ուղղությամբ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ, համատեղության կարգով «Պոլիտեխնիկ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը այս տարվա օգոստոսի 28-ին պարծեցավ, թե իբր վերջին չորս տարիներին «Պոլիտեխնիկ»-ում արդեն երրորդ անգամ աշխատավարձի էական բարձրացում է արվել։ Թվաբանությունը զարմացնում է անգամ փորձառու մաթեմատիկոսներին՝ 108%, 15%, 14% եւ 13%։ Թվում է՝ տոկոսները չեն վերջանա, եթե հաջորդ անգամ էլ նույն ոգեւորությամբ հայտարարի, թե «պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը կրկին բարձրացել են, այս անգամ…՝ Երկնային աստիճաններով»։ Իրականում ի՞նչ կապ ունի նա աշխատավարձերի, համալսարանի կառավարման գործընթացի հետ, եթե իր պարտականությունները չի կարողանում պատշաճ կատարել: Տպավորություն է, թե Տիգրան Ավինյանն էլ է կլանվել տոկոսների կախարդանքով։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը արդեն վաղուց է ապացուցել, որ թվաբանական «անիմաստությունն» իր սիրելի սպորտաձեւն է։ Իսկ հիմա քաղաքապետը կարծես որոշել է հետ չմնալ այս մրցավազքից։ 


Այստեղ, սակայն, մի «փոքրիկ» խնդիր կա։ Քաղաքապետի պաշտոնը ունի ե՛ւ պարտականություններ, ե՛ւ պատասխանատվություն։ Իսկ պարտականությունների մասին Ավինյանը հիշում է կարծես միայն այն ժամանակ, երբ հարցն արդեն անլուծելի փակուղու առջեւ է։ Օրինակ՝ Երեւանի համայնքը նրա ղեկավարության օրոք ունի ավելի քան 14 միլիարդ դրամի պարտք։ Գույքահարկի հավաքագրման մակարդակը ողբերգական վիճակում է։ Քաղաքային տնտեսության կառավարումը՝ խայտառակ ձախողված. փաստերը բազմաթիվ են։ Սակայն քաղաքապետ Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին ու թավշյա ոգեւորությամբ մտել է ակադեմիական դաշտ։ Մնում է՝ նա իրականում ներկայացնի տպավորիչ թվեր, թե, օրինակ, իր ղեկավարման օրոք Երեւանի փողոցների փոսերը ինչպես են 200%-ով մեծացել, կամ քաղաքային պարտքերը կրկնապատկվել՝ «ի շահ» երեւանցիների առաջընթացի»։


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի եւ փոխնախարարի սոցցանցային ակտիվությանը զուգահեռ ոլորտային բացթողումներն աստիճանաբար դուրս են գալիս ջրի երես։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն ահազանգել էր, որ հիվանդանոցներում պետպատվերների գումարը սպառվել է: Բուժհաստատություններում համատարած «մերժումներ» են եւ հիվանդների անթիվ հերթեր։ Ակնհայտ է, որ պետպատվերների հատկացումների ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը, որը թեեւ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ջերմ հարաբերություններ չունի, սերտ շփվում է ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանի հետ, ձախողել է այս ոլորտի կառավարումը, բայց շարունակում է պաշտոնավարել։


 Հիշեցնենք՝ Նանուշյանը օրերս անհարմար վիճակում էր հայտնվել Ազգային ժողովում, երբ ՔՊ-ական պատգամավորները նրան մանրամասն օրինակներ էին ներկայացնում, որ հիվանդանոցներում երեխաների համար պետպատվերներ չկան, իսկ փոխնախարարը բարձրագոչ հնչեցնում էր՝ «մենք խնդիր չունենք»։ Սակայն փաստերն ու ահազանգերը այլ բանի մասին են խոսում։ Բանն այն է, որ պետպատվեր ստանալու համար հուլիսին հերթագրված բուժառուների մեծ մասի հերթը հասնում է հոկտեմբերին, իսկ արդեն սեպտեմբերին հերթագրվածների հերթը հասնում է նույնիսկ հաջորդ տարի։ Օրինակ՝ սրտանոթային հետազոտության կամ քաղցկեղային հետազոտությունների համար պահանջում են հերթագրում՝ նշելով, որ գումար չկա, այն դեպքում, երբ նմանատիպ հիվանդությունների դեպքում հրատապ բուժում է անհրաժեշտ։ Այս բարձիթողի վիճակին զուգահեռ՝ Լենա Նանուշյանը «reel»-եր է տեղադրում, օրինակ՝ «գտեք 10 տարբերություն», «փոխնախարարի մեկ օրը» եւ այլն։ Ստացվում է, որ փոխնախարարը կարճ տեսանյութեր նկարելու ժամանակ ունի, բայց ղեկավարած ոլորտի խնդիրներից անտեղյակ է, ինչի մասին խոստովանեց ԱԺ-ում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ ՀՀ Ազգային ժողովը վերջին երեք տարիներին շարունակում է զարմացնել հանրությանը իր առանձնահատուկ գնումներով։ Թեեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կազմակերպած գնումները պետք է ծառայեն խորհրդարանի գործունեությանը, սակայն փաստերն այլ բան են հուշում։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր այն մասին, որ «ՎԼՎ» խանութների ցանցից 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն ձեռք է բերել 5 JBL ականջակալ՝ ընդհանուր 100.000 դրամ արժողությամբ։ Մնում է պարզել՝ արդյոք պատգամավորները որոշել էին ավելի լավ լսել միմյանց բոցաշունչ ելույթները, թե՞ հենց այդ ականջակալների օգնությամբ է հնարավոր «չլսել» քննադատող ընդդիմադիրներին։  Հաջորդ անակնկալը 2024-ի հունիսին գնված Hisense սառնարան-ցուցափեղկն է՝ 289.000 դրամ արժողությամբ։ Բաց հարց է մնում՝ ի՞նչ պիտի ցուցադրվի Ազգային ժողովի սառնարանում. օրենքների նախագծե՞ր, թե՞ պատգամավորական արտոնությունները, որ այդքան թանկ են գնահատվում։


Նույն տարվա ապրիլին ԱԺ-ն գնում է կատարել նաեւ չորացնող սարք՝ 153.700 դրամով։ Ո՞ւմ կամ ի՞նչը պիտի չորացնեն խորհրդարանում. գուցե պատգամավորական խոստումնե՞րը, որ տարիներ շարունակ «խոնավ» վիճակում են մնում։  Բացի այս ամենից, նույն ամսին ձեռք է բերվել էլեկտրական ջրատաքացուցիչ՝ 62.000 դրամով։ Մինչդեռ 2025-ի ապրիլին գնվել է մեկ այլ ջրատաքացուցիչ ընդամենը 15.200 դրամով։ Իսկ մարտ ամսին արդեն իրականացվել է «թոփ» գնում՝ RoyaL Thermo RWH200XL ջրատաքացուցիչ՝ 235.000 դրամով։ Այս ամենից հետո արդարացի հարց է առաջանում՝ ո՞ւմ եւ ի՞նչ են այսքան տաքացնում խորհրդարանում։ Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ։ Նախկինում Ազգային ժողովը աչքի էր ընկել՝ մանկական խաղալիքների խանութից «չխկչխկաններ» եւ օրորոցային խաղալիքներ, պարագաներ գնելով։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետության հաշվին ձեռք էր բերել 2.5 մլն դրամ արժողությամբ ոսկե համրիչ՝ թազբեհ։ Ստացվում է, որ Ազգային ժողովի բյուջեն օրենսդրական գործունեությունից զատ ծառայում է նաեւ խորհրդարանական «կենցաղի հարմարավետությանը»։ Թե ինչու են այս գնումները պետբյուջեի հաշվին կատարվում եւ ինչ օգուտ են բերում երկրի օրենսդիր մարմնին ֆունկցիոնալ իմաստով՝ մնում է չպարզված»։


 

Արի ու տես, որ պարզունակ պրոպագանդան անում է իր գործը
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը