VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական շրջանակներում եւս պարզվում է, որ խանդավառված չեն վաշինգտոնյան արձանագրություններից եւ հասկանում են, որ դա իրականում խաղաղություն չի բերելու։ Չնայած Փաշինյանը հրահանգել է պատգամավորներին եւ քարոզչամեքենային՝ թմբկահարել այդ թեզը, բայց ՔՊ-ում դեռ կան մարդիկ, որ կարողանում են թացը չորից զատել։ Շատերն են հասկանում, որ Արեւմուտքի եւ Ադրբեջանի կողմից դա Փաշինյանին նվիրած նախընտրական «կոզիր» է, որպեսզի վերընտրվելուց հետո իրականացնի իրենց ծրագիրը, եւ կյանքի կոչվեն «Զանգեզուրի միջանցքը» եւ մյուս բոլոր զիջումները։ Ոմանք էլ միամտաբար հույս են տածում, որ այս ժամանակը Փաշինյանը հօգուտ պետության կօգտագործի եւ կարգի կբերի մեր սահմանները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.Իշխող թիմում շատերն են անակնկալի եկել Արսեն Թորոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ գործադիր՝ սոցապնախարարի պաշտոն տեղափոխվելու փաստից։ Խոսքը հատկապես ՔՊ վերին էշելոնի «նեղ կռուգի» մասին է, որտեղ գիտեին, թե ինչպես է Փաշինյանը Թորոսյանին գործադիրից ճամփել։ Հայտնի է, որ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակել, սակայն նրա աշխատանքից այնքան է դժգոհ եղել, որ ազատելիս գրեթե բառացի սպառնացել է․ «Դու այլեւս գործադիրում պաշտոն չես զբաղեցնելու»։
Դրանից հետո տեւական ժամանակ քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործով անցնող Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, բայց, ըստ ամենայնի, կարողացել է վերականգնել վստահությունը, քանի որ կուրորեն եւ անձնուրաց ծառայում է Փաշինյանին եւ հատկապես վերջին մեկ տարում ամենակեղտոտ հայտարարությունների առաջամարտիկն է, ռեկորդակիրը, թելում է Փաշինյանի ասեղը թե՛ հակաարցախյան, թե՛ հակաեկեղեցական, առհասարակ՝ բոլոր հարցերում։ Իշխող թիմում կարծում են, որ Փաշինյանը Թորոսյանի նշանակումով հետեւյալ ուղերձն է փոխանցում իրենց՝ ով անմնացորդ ծառայի, պաշտոն կունենա, եւ կներվեն բոլոր մեղքերը։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն էլ գործուղվում է ԱՄՆ՝ դեսպանի կարգավիճակով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի գովքն անող, նրա հետ լուսադեմին հեծանիվ քշող, Փաշինյանի բոլոր թեզերը ինքնամոռաց պաշտպանող ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ջանքերն արդյունք տվեցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ Փաշինյանը որոշել է նրան կրկին գործադիր մարմին ուղարկել՝ այս անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը: Բանն այն է, որ Թորոսյանը ՔՊ-ում գրեթե համախոհ չունի, իսկ խորհրդարանում այդպես էլ իրական գործընկեր չունեցավ, աշխատասենյակն էլ մի անկյունում լքված պատժախցի նման մի տեղ էր: Ակնհայտ նկատելի էր, որ Արսեն Թորոսյանի հետ քչերն էին շփվում կամ չէին շփվում:
Օրաթերթը նկատել է, որ Արսեն Թորոսյանն անգամ ճաշարանում գրեթե միշտ միայնակ էր սնվում: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ երեկ ՔՊ-ում շոկի մեջ էին, թե կոռուպցիոն տարաբնույթ կասկածներ իր շուրջ հյուսած Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Նիկոլ Փաշինյանի վստահությունը շահել այն դեպքում, երբ նրան, կարելի է ասել, սկանդալային ձեւով Փաշինյանը հեռացրել էր Կառավարության կազմից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր տնօրենի մրցույթ է հայտարարված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն կայանալու է օգոստոսի 28-ին. հանձնաժողովը մրցույթից հետո պետք է ներկայացնի նոր տնօրենին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲԿ-ի տնօրենի համար առաջադրվել է 8 անձի թեկնածություն, բայց, իհարկե, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ինչպես միշտ ունի իր «սրտի» թեկնածուին, որն այժմ ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Կարեն Ծառուկյանը: Մենք տեղեկացանք, որ ինչքան էլ Ավանեսյանը դերակատարում ունի մրցութային հանձնաժողովում, այժմ, միեւնույնն է, գերլարված մթնոլորտ է, թե ինչպես կկարողանան իրենց թեկնածուին «անցկացնել» ու տնօրեն նշանակել:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին ArmLur.am-ը գրել էր, որ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Կարեն Ծառուկյանը, որն էլ Ավանեսյանի թեկնածուն է: Նշենք, որ Կարեն Ծառուկյանը զբաղեցնում էր Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչի պաշտոնը։ Ըստ մեր աղբյուրների՝ նախարար Ավանեսյանը ամեն բան անում է, որպեսզի տարբեր բժշկական կենտրոններում տնօրենի պաշտոնում իր սրտով մարդիկ նշանակվեն, որոնք անվերապահորեն կենթարկվեն իրեն:
Հիշեցնենք նաեւ ArmLur.am-ի տեղեկությունները այն մասին, որ Նարեկ Մանուկյանը տեւական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու ի վերջո Ավանեսյանին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել՝ Արսեն Թորոսյանի ընկեր Մանուկյանին աշխատանքից ազատելու հարցում: Նարեկ Մանուկյանն էլ, աշխատանքից ազատվելուց հետո, փորձում է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին քիչ ժամանակ է մնացել. այն կայանալու է սեպտեմբերի 2-ին: Սոցապնախարար նշանակված Արսեն Թորոսյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ըստ տարբեր աղբյուրների, ջանքեր են գործադրում ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին ՍԳԼ տնօրենից մեկընդմիշտ հեռացնելու համար: Հիշեցնենք, որ տնօրենի այս պաշտոնի համար մրցելու են «մերժված նախկինների» օրոք բարգավաճ կյանքով ապրած, պաշտոններ զբաղեցրած Նարեկ Վանեսյանը, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ՍՄՍ-ով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանը եւ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:
Իսկ ով է Նարեկ Վանեսյանը: Դեռեւս հեռավոր 2015 թվականին Նարեկ Վանեսյանը մեկ տարում 3 տարբեր պաշտոններ էր զբաղեցրել. 2015 թվականի մայիսի 27-ին կայացած մրցույթի արդյունքում, որին մասնակցել էր 4 թեկնածու, Նարեկ Վանեսյանն ընտրվել էր Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն: 2015 թվականի մայիսի 29-ին, մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ, նա Իջեւանի ԲԿ-ի տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով: Իսկ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից Վանեսյանը պաշտոնավարեց որպես մարզպետարանի աշխատակազմի վերոհիշյալ վարչության պետ:
Արդեն 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում Նարեկ Վանեսյանը Արսեն Թորոսյանի կողմից նշանակվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավար: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել, որին նախորդել էր սկանդալ, այն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ էր տվել անօրինական վարքագիծ (https://factor.am/94388.html): Բանն այն է, որ բացի այս սկանդալից, Վանեսյանի մասին մամուլում ավելի աղմկահարույց հրապարակումներ են եղել։ Նմանօրինակ մի դեպք Նարեկ Վանեսյանի հետ է կապվում կաշառքի գործով։
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Կայքի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Նարեկ Վանեսյանն իրեն աշխատանքի ընդունելու համար պահանջել եւ ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն ամեն անգամ ձգձգել է աշխատանքի ընդունելու գործընթացը:
Քաղաքացին տեսնելով, որ Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։ Նարեկ Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է եղել որպես կասկածյալ, եւ նրանից ստորագրություն են վերցրել՝ բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ: Ահա այս կոռուպցիոն դրսեւորումներից հետո Վանեսյանի «հովանավոր» Արսեն Թորոսյանը, որը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվեց, Նարեկ Վանեսյանի դեմքով պայքարում է ԲԿ-ի տնօրեն դառնալու համար։ Իսկ այդ բժշկական կենտրոնին ահռելի ֆինանսական հատկացումների եւ մյուս ենթադրյալ կոռուպցիոն երեւույթների մասին բազմաթիվ հրապարակումներ կան ու դեռ պատրաստվում են: Շարունակելի»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Կարելի է ասել, որ բոլոր երկրներում, բոլոր իշխանությունների օրոք, բոլոր ժամանակներում ու հասարակարգերում եղել են ղեկավարությանը քծնողներ, շողոքորթներ: Նույնիսկ այնպիսի դրսևորումներ, որ տհաճ են եղել անգամ այն ղեկավարներին, որոնց այդ հրապարակային ինքնաստորացումը հասցեագրված էր: Հայաստանի նախկին բոլոր նախագահների օրոք էլ եղել են այդպիսիք: Մեր օրերում էլ կա այդ երևույթը: Ու ոչ միայն իշխանության հետ կապված: Առանձին քաղաքական ուժերում, ընկերություններում, հիմնարկներում էլ կան նման քծնողա-շողոքորթային խմբեր, որոնց ժողովուրդը ավելի դիպուկ է բնորոշում՝ անվանելով «օճառվողներ»: Այսպես ասենք՝ քծնանքը, քծնողականությունը, «օճառվելը» առկա է բոլոր «խոշոր կոլեկտիվներում», դե, կամ... գրեթե բոլոր:
Բայց այն, ինչ կատարվում է, ավելի ճիշտ դիտարկվում է Փաշինյանի ՔՊ-ի դեպքում, վեր է բոլոր հնարավոր պատկերացումներից: Քպականների քծնանքը, «շեֆին» հաճոյանալու մղումները, «պադխալիմաժը» գերազանցում են մինչ այժմ՝ առնվազն մեր հասարակությանը ծանոթ բոլոր նման դրսևորումները: Սա արդեն կլինիկական դեպք է:
Քծնանքի, ստորաքարշության այս երթն, իրոք, աննախադեպ է:
Բավական է «շեֆը» մի բառ արտաբերի կամ գրի, այս հիմնական «հատվածը» վազելով տարածում է, լցնում ֆեյսբուքները, այն աստիճան, որ «մեմ» է դառնում: Արդեն քիչ է մնում, որ յուրաքանչյուր քպական գրառում անելիս կամ հարցազրույց տալիս նախ գրի (արտաբերի) հետևյալ ատահայտությունը. «Ինչպես ասել է մեր մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը...», նոր հետո մնացած ասելիքը, գրելիքը ներկայացնի:
Թեպետ, մենք կարծես չափազանց լավատես ենք... մեր հոռետեսության մեջ: Արդեն կան շորշոփներն այն բանի, որ նկարագրված սարկաստիկ պատկերն էլ է լինելու: Դա զգացվում է:
Հապա ՔՊ խմբակցության մանդատների շխկշխկան ծափահարությունները՝ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունից, առավել ևս՝ ընդդիմադիրների վրա հարձակվելուց հետո: Հնարավոր է՝ շուտով սովորական դառնան կարծես խորհրդային անցյալում մնացած հաշվետվությունները՝ կուսակցական հերթական պլենումից կամ խորհրդարանի նիստից: Դե, այն, որ տեքստը միջարկվում էր «որոտընդոստ ծափահարություններ...», «բուռն ծափահարություններ...» «բուռն, երկարատև ծափահարություններ, օվացիա» բացատրական նշումներով:
«Ծափ տվեք, արա՛...»-ից հասնում են դրան:
Ու խոսքը միայն պատգամավորների կամ նախարարների մասին չէ: Այսպես ասած՝ «ներքևի շարքերում» էլ կան Նիկոլից բազմապատիկ «նիկոլ» դիրքավորվողներ՝ պատրաստ փրփրաբերան արդարացնել բաներ, որ չունեն ո՛չ մի արդարացում որևէ հասարակության մեջ՝ անկախ հավատքից, հասարակարգից:
Նրանց նման պահվածքի մեկ պատճառ, ինքնին, պարզ է: Դա նրանցից 90 տոկոսի համար կենսական հարց է՝ ամենաուղիղ իմաստով: Հատկապես Փաշինյանի քարոզիչների պարագայում: Քանզի, եթե (երբ) իշխանություն չունենան, իրենք վերստին դառնալու են «ոչմեկ»: Մարդիկ հասարակական-քաղաքական ոչինչ էին, մեկ էլ՝ հո՛պ, իրենց համար էլ անակնկալ, հայտնվել են իշխանական կերակրատաշտի, Փաշինյանի բառամթերքով ասած՝ լափամանի մոտ, ոմանք անգամ՝ մեջն են մտել... ու «վայելում են» այդ ժամանակավոր «բարիքները»: Բնականաբար, նրանք այդ ամեն ինչը ատամներով էլ կպահեն, այնպես կպայքարեն «խաղաղության խաչմերուկի» համար, որ քարերի երկիր Հայաստանում քարը քարին չի մնա: Դե, կան նաև այնպիսիք, որոնց տեսակն է ուղղակի այդպիսին՝ քծնել «շեֆին», «աչքը մտնել»՝ թեկուզ ծաղրի առարկա դառնալու հաշվին, թեկուզ ինքնաստորացման հաշվին: Թեկուզ գիտակցելով, որ այդ ամենը վանող, նողկանք առաջացնող, մերժելի դրսևորում է: