Հիշո՞ւմ եք գրառումս՝ Օվերչուկի այցի, ինչպես նաեւ Իրանի նախագահի՝ Հայաստան այցից անմիջապես հետո Բելառուս այցելության մասին, դիտարկելով ըստ էության գործակկցային որոշակի հայեցակարգը, որ նշմարվում է Իրանի քաղաքական մոտեցման համատեքստում:
Եվ ահա, նախօրեին Բելառուսում Իրանի նախագահի հետ հանդիպման շրջանակում Լուկաշենկոն հայտարարում է հետեւյալը. « Իրանը մեզ համոզում է, որ մենք ակտիվ օգտագործենք լոգիստիկ ուղղությունը Ռուսաստան-Հայաստան-Իրան եւ Պարսից ծոց: Համոզում, է, բայց չէ որ դա մեզ է պետք առաջին հերթին»:
Եթե Իրանը համոզում է Բելառուսին, ինչպես հավաստիացնում է Լուկաշենկոն, ապա կասկած չկա, որ Իրանն այդ թեման քննարկել է նաեւ Հայաստանում: Կրկնեմ, ինձ համար դա զարմանալի էլ չէ: Զարմանալի չէ այն պատճառով, որ ես կարդացել եմ օրինակ ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագրի տեքստը: Ավելին, ոչ միայն կարդացել եմ, այլ մանրամասն անդրադարձել եմ այդ տեքսին դեռեւս դրա ստորագրումից անմիջապես հետո՝ հունվարին:
Եվ մասնավորապես մատնացույց եմ արել այն տնտեսական մտադրությունները, որ նաեւ երրորդ երկրներում ներդրումներ իրականացնելու առնչությամբ արտահայտել են Մոսկվան ու Թեհրանը: Իսկ Հայաստանը հենց կարող է լինել այն երրորդ երկրներից մեկը, որտեղ ներդրումները կարող են լինել ընդհանուր շահ նրանց համար: Իսկ Հայաստանի շահից ոչ միայն բխում են կոնկրետ ներդրումները, այլ Հայաստանի համար դրանք կենսական անհրաժեշտություն են:
Ոչ ոք դեմ չէ, որ Հայաստան գան օրինակ ամերիկյան, եվրոպական ներդրողներ: Ավելին, ինքս եղել եմ ամերիկյան խոշորագույն ներդրումների ակտիվ ջատագովը, շատ կոնկրետ ներդրումային նախաձեռնություններում: Հարցը այն է սակայն, որ մենք չպետք է սահմանափակենք ներդրում ընդունելու մեր աշխարհագրությունը: Առավել եւս, այդ իմաստով մենք չպետք է անտեսենք բառի բուն իմաստով մեր աշխարհագրությունն ու դրանից բխող աշխարհաքաղաքականությունը:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան