24.11.2024
Սամվել Բաբայանը կալանավորվել է 2 ամսով
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. «Իգլա»-ի թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ»-ը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով: Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է: Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախներ խոցելու համար: «Իգլա» հրթիռն արձակվում է եւ ուղղվում թիրախի վրա գտնվողն տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը եւ խոցում թիրախը: Տվյալ դեպքում՝ թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը եւ այս օրերին կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կոչ անելով աշխարհազոր ստեղծել եւ ընդվզում սկսել: Հատկանշական է այն փաստը, որ այս քայլին նրանք գնացել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո:


«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ժողովրդական ընդվզման մասին է խոսքը: Խոսք չկա զենքի մասին, բայց դա մարդու տարրական իրավունք է, երբ իր դեմ զենք են օգտագործում, ինքնապաշտպանությունը տարրական իրավունք է, բայց այդ կոչի մեջ զենքով ընդվզման մասին խոսք չկա»: Միաժամանակ նա հայտարարել է, թե իրենց կոչը կապված է ոչ թե Բաբայանի ձերբակալության, այլ ընդհանուր իրավիճակի հետ»»:


«Ժամանակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՕՐՕ-ն այս օրերին միջազգային հանրության աջակցությունն է ակնկալում Սամվել Բաբայանի հարցում, բայց ապարդյուն։ ՕՐՕ-ն բոլոր դեսպաններին փորձել է ներքաշել այս պատմության մեջ, աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել։ Բոլորի մոտ ընդհանուր դիրքորոշումը նա է, որ Սամվել Բաբայանը ահաբեկչություն է ծրագրել։


Թերթին տված հարցազրույցում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն ինչպես է վերաբերում Բաբայանի ձերբակալմանը, նշել է. «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով դատարանում։ Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանք քաղաքական բովանդակություն հաղորդելը, և քաղաքացիներին ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։ Բայց առաջնային իհարկե բռնությունն և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»»։


«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը որոշ մարզերում տեղական պաշտոնյաներին հանձնարարել է առաջիկա ԱԺ ընտրությունների համար զուգահեռաբար աշխատել նաև Դաշնակցության օգտին։ Այդ մարզերից է նաև Շիրակը։Այդ նպատակով, նախ, Շիրակում փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է, այն դեպքում, երբ նրա եղբայր Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ի կողմից Արթիկում քաղաքապետ է դարձել։ Երկուսին էլ հանձնարարվել է ընտրություններին մարզից ՀՅԴ-ին ձայն բերել»։


«Հրապարակ»-ը գրում  է. «Իրական «Գելլափի»՝ «Գելլափ ինթերնեյշնլի» ներկայացուցիչները Հայաստանում են։ Վերջին օրերին նրանք այցելում են այս ընտրություններում առաջադրված բոլոր կուսակցությունների գրասենյակներ և պատմում էքզիտփոլի՝ ընտրողների հարցումների մասին, որը պատրաստվում են իրականացնել ընտրությունների օրը, Հայաստանով մեկ։ Նրանք նաև բողոքում են տեղական «Գելլափից», որի դեմ բազմիցս պայքարել են, բայց սրանք հաջողությամբ գործում են՝ հեղինակազրկելով սոցհարցումների գաղափարը և իրական «Գելլափին»։ Ի դեպ, կոոպերատիվ «Գելլափը» երեկ էլ է տվյալներ հրապարակել»:


«168 ժամ»-ը գրում է․ ««Այժմ մենք ակտիվ աշխատանք են իրականացնում համատեղ ներդրումային ֆոնդի ձևավորման ուղղությամբ: Ավարտում ենք ներդրումային ֆոնդի կանոնակարգի մշակման աշխատանքները և հստակեցնում ենք ֆոնդի կառավարչի պետական մասնավոր համագործակցության հիմունքներով ձևավորման բանաձևը: Ակնկալում եմ, որ հիմնադրամում իրենց մասնակցությունը կունենան նաև մասնավոր հատվածի մեր գործընկերները, ինչի ուղղությամբ արդեն առկա են հստակ պայմանավորվածություններ»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:


«Կարծում եմ՝ առաջիկա 2 շաբաթներում կավարտենք անհրաժեշտ նախապատրաստությունները և կսկսենք մեր աշխատանքները: Կարծում եմ, որ համատեղ և արդյունավետ աշխատանքի պարագայում արդեն ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին: Եվ ռուսական, և հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունեն օր առաջ սկսել փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորումը»,-հավելել է նա»: