Թմրանյութերի խոշոր մաքսանենգության գործով կալանավորումներ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: