Արդարությունը հաղթելու է. Միհրան Մախսուդյան
Պահեստազորի գնդապետ, այժմ քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյանը կալանավայրից նամակ է հղել հայրենակիցներին՝ շեշտելով իր պայքարի գաղափարական բնույթը և վստահեցնելով, որ ներկայացված մեղադրանքները շինծու են։
«Իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանեկության տարիներին՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը»,– գրել է նա։
Մախսուդյանը նշել է, որ շուրջ երեք տասնամյակ ծառայել է հայրենիքին՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, և պատրաստ է շարունակել պայքարը մինչև վերջին շունչը։
«Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է»,– ասված է նամակում։
Նա ընդգծել է, որ կշարունակի կանգնել իր հայրենակիցների կողքին անկախ հանգամանքներից՝ հավելելով, որ այժմ համերաշխության և տոկունության կարիք ունի ոչ միայն յուրաքանչյուր կալանավորված մարտական ընկեր, այլև նրանց ընտանիքները և ամբողջ հասարակությունը։
«Արդարությունը հաղթելու է։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հավատարիմ մնում եմ իմ երդմանը՝ ծառայել հանուն հայրենիքի»,– գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանը։