4.08.2025
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

Օգոստոսի տապը գերազանցել է օրվա ռեկորդը, սակայն դեռ չի հասել պատմական առավելագույնին

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանը գտնվել է հյուսիս-արևմտքից ներթափանցող խոնավ ու սառը օդային հոսանքների ազդեցության ներքո, ինչի հետևանքով ողջ տարածքում ջերմաստիճանը նորմայից եղել է 2–4 աստիճանով ցածր։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։


Հուլիսի 12-ից սկսած եղանակային պայմանները կտրուկ փոխվել են․ սառը հոսանքները փոխարինվել են հարավից, հիմնականում Իրաքից եկող տաք արևադարձային օդով, որը մինչ օրս շարունակում է ազդել տարածաշրջանի վրա։


Հուլիսի 12-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 37–39 աստիճանի սահմաններում, իսկ հուլիսի 30-ին այն հասել է 40 աստիճանի։


Հուլիսին տեղումների բաշխվածությունը եղել է խիստ անհավասարաչափ։ Հյուսիսային՝ Տավուշի, Լոռու և Սյունիքի շրջաններում գրանցվել է ամսական նորմայի 100-170 տոկոսը, մինչդեռ Արարատում՝ ընդամենը 4 տոկոս, իսկ Մեղրիում՝ ընդհանրապես տեղումներ չեն եղել։ Երևանում տեղումների քանակը նույնպես խիստ տատանվել է՝ տարբեր վարչական շրջաններում կազմելով նորմայի 35–180 տոկոս։


Օգոստոսի 2-ին արձանագրվել է տաք օդի ալիքի գագաթնակետը. Երևանում ջերմաստիճանը հասել է 41.9 աստիճանի՝ գերազանցելով այդ օրվա 2000 թվականի ռեկորդը։ Արենիում նույն օրը գրանցվել է 42.6 աստիճան։


Այնուամենայնիվ, ինչպես նշեց Սուրենյանը, այս տարվա բարձր ջերմությունները դեռ չեն գերազանցել պատմական առավելագույնները։ Ամենաբարձր ցուցանիշը Մեղրիում է գրանցվել 2011 թվականի հուլիսի 31-ին՝ 43.7 աստիճան, իսկ Երևանում՝ 2018 թվականի հուլիսի 12-ին՝ 42.4 աստիճան։

 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են