Կարմիր խաչն էլ է հեռանում. միջազգային լռությունը՝ Ադրբեջանի քայլերի ֆոնին
Լուսանկարը` parliament.am
Ադրբեջանը փակել է իր երկրում գործող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը՝ միակ միջազգային կառույցը, որն այցելում էր ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին և կապ ապահովում նրանց ընտանիքների հետ։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա շեշտում է, որ ԿԽՄԿ-ի ներկայությունը միակ «երրորդ աչքն» էր, որը գործում էր Ադրբեջանի բռնապետական և անհանդուրժողական մթնոլորտում։ Մինչև 2025-ի հունիս ամիսը կազմակերպությունը կանոնավոր այցելում էր հայ ռազմագերիներին, հետևում նրանց առողջական վիճակին և հաղորդակցվում հարազատների հետ։ Այժմ այդ հնարավորությունն էլ է վերանում։
Աբրահամյանը նաև հիշեցնում է, որ վերջին տարիներին Բաքուն փակել է ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, ինչպես նաև միջազգային ԶԼՄ-ների գրասենյակները, սակայն որևէ լուրջ արձագանք աշխարհից այդպես էլ չի հնչում։
«Ադրբեջանը միջազգային գերտերություններին պետք է՝ Ռուսաստանին շրջանցելու, Հայաստանին ճնշելու ու Իրանի դեմ օգտագործելու համար։ Այս իրավիճակում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքներն այլևս առաջնահերթություն չեն», – նշում է պատգամավորը։