22.07.2025
Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ
prev Նախորդ նորություն

Ֆլիրտ Թրամփի հետ և ծուղակ Երևանին. Ալիևի խաղը «համարյա համաձայն եմ» ոճով

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը վերլուծում է Ալիևի ելույթի առանձին հատվածները՝ Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի հետ։ Քանի որ այսօր տարբեր աղբյուրներով տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Թրամփը կիսվել է տեսանյութով, որտեղ Ալիևը գովաբանում է իրեն, Հայրապետյանը սկսում է «Ադրբեջան–ԱՄՆ» բլոկից։


"Ողջ ելույթից իսկապես տպավորություն է ստեղծվում, որ միակ մարդը, ումից Ալիևը զգուշանում է, դա ԱՄՆ նախագահն է։ Նա մի կողմից գովերգում է Թրամփին, մյուս կողմից՝ «հարվածում» նախկիններին՝ դեմոկրատներին։


«Եվ մեր նախնական տարբերակի հիման վրա տեքստը համաձայնեցվեց։ Սակայն կային երկու՝ կամ գուցե ավելի՝ պարբերություններ, որոնց հետ հայկական կողմը չէր ուզում համաձայնել։ Բայց նրանք համաձայնեցին հենց այն պահին, երբ նախագահ Թրամփը հաղթեց։ Եվ ես ասացի իմ գործընկեր պարոն Փաշինյանին, որ հավանաբար դուք հույս ունեիք, որ տիկին Հարիսը կհաղթի — և կրկին դուք կլինեիք սպիտակ ձիով — բայց դա տեղի չունեցավ։ Ուստի անձամբ ես լիովին վստահ եմ, որ եթե Թրամփը չհաղթեր, նրանք չէին համաձայնի։ Քանի որ նրանք ցանկանում էին ստանալ ավելին, քան արժանի էին, և ավելին, քան կարող էին «մարսել»։ Հիմա, երբ նրանք համաձայնել են բոլոր պարբերություններին»,-իր խոսքում ասում է Ալիևը։


Բայց այստեղ հարց է գալիս, լավ, եթե համաձայնել են ու կա տեքստ, ինչու՞ չես ստորագրում, չէ՞ որ քո երազանքների պայմանագիրն է դրված, ինչու՞ դրանից հետո սկսվեց ապատեղեկատվական գրոհ շուրջ երկու ամիս, ինչու՞ ես հունվարից հունիսի վերջ՝ կես տարվա մեջ 30 զորավարժություն արել։ Մյուս կողմից, եթե Թրամփն իրապես հեղինակություն է Ալիևի համար, ապա ինչու՞ 2020 թվականին Թրամփի կոչով Ալիևը չգնաց հրադադարի Արցախում։ Ինչու՞ է ակտիվորեն ոչնչացնում քրիստոնեական հսկայական մշակութային ժառանգություն Արցախում, երբ դա Թրամփի հռչակած արժեքների մաս է կազմում։ Ի վերջո, ինչու՞ է Ալիևը մերժում ամերիկյան առաջարկը։ Նման հարցերի պատասխաններ Ալիևն, իհարկե, չունի։ Բայց նա շատ խորամանկորեն շոյում է Թրամփի էգոն՝ միևնույն ժամանակ փաստացի մերժելով ամերիկյան կողմի առաջարկները։


Այո, Թրամփից Ալիևը զգուշանում է, բայց նաև պատրաստ է դիմակայել եկող ճնշումներին։ Պայմանագրի՝ այսպես կոչված՝ նախաստորագրման թեման այդ ճնշումների արտացոլանքն է, ուզում է ասի ամերիկյան կողմին՝ իբր կանեմ ձեր ուզածը, բայց իրականում չեմ անի։ Եթե հայկական կողմի ներկայացուցիչները ունակ լինեին խելացի վերլուծել իրավիճակը, չէր համաձայնվի դրան, քանի որ դա ծուղակ է՝ Սահմանադրության փոփոխության նախապայմանով։ Իսկ եթե չի՞ փոխվում Սահմանադրություն, ուրեմն ի՞նչ։ Մի խոսքով, ես մնում եմ այն համոզման, որ Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ խոսելու ձևերը, առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա։ Հենց այդ տրամաբանությամբ էլ նա առաջնորդվում է․․․", - եզրափակում է Տաթևիկ Հայրապետյանը։

Լուսանկար՝ primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին