Նոր գիտելիքներ մարզիչների համար․ Հայաստանում մեկնարկում է ամենամյա վերապատրաստման ծրագիր
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հայաստանի կառավարությունը հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ։ Նախաձեռնությունն արձագանք է կամավոր ատեստավորման ցածր արդյունքներին և ժամանակակից պահանջներին։
Հուլիսի 3-ին ՀՀ կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիրը, որի նպատակն է ոլորտում որակավորման բարձրացման գործընթացը դարձնել շարունակական և համապատասխանը ժամանակի մարտահրավերներին։ Այս քայլը հետևել է 2023 թվականի կամավոր ատեստավորման արդյունքներին, որոնք վկայել են անհրաժեշտության մասին վերանայել և արդիականացնել գործող կարգը։
Նախարարի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում կամավոր ատեստավորմանը դիմել է 272 մարզիչ, որոնցից միայն 55-ն են հաղթահարել գործընթացը՝ կազմում է ընդհանուր մասնագետների մոտ 5 տոկոսը։ Սա ցույց է տալիս, որ մարզիչների մասնագիտական կարողությունները և գիտելիքները պետք է պարբերաբար թարմացվեն և զարգացվեն։
Ծրագիրը լինելու է ամենամյա՝ նախատեսելով, որ մարզիչների առնվազն 20 տոկոսը ամեն տարի անցնի վերապատրաստում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ադապտիվ սպորտի զարգացմանը, ինչը դարձել է առաջնահերթություն՝ հաշվի առնելով վերջին ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի կտրուկ աճը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնությանը անդրադառնալիս նշեց, որ գիտելիքն ու հմտությունը, ինչպես հագուստը, ժամանակի ընթացքում կարող են կորցնել իրենց արդիականությունը։ «Եթե անգամ չենք մաշում 70-ականներից մնացած հագուստը, այնուամենայնիվ, չենք հագնում փողոց դուրս գալիս, որովհետև ժամանակակից չէ։ Նույնը նաև գիտելիքի հետ է՝ եթե չի թարմացվում, ապա հնանում է»,- ասաց նա։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ լինելու է արտասահմանյան առաջատար մասնագետների ներգրավումը, որոնք իրենց փորձով և նորարարական մոտեցումներով կնպաստեն ոլորտի զարգացմանը։ Նոր ձևաչափով կառավարությունը նպատակ ունի հաղթահարել խոչընդոտները, որոնք մինչ օրս սահմանափակում են նոր մասնագետների ներգրավումը և մարզիչների մասնագիտական առաջընթացը Հայաստանում։