VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ Ռուսաստանը հերթական կոշտ ուղերձն է հղել ՀՀ իշխանություններին։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, արդեն այս տարվա վերջին Հայաստանը և Ռուսաստանը կարող են կորցնել մինչև 6 միլիարդ դոլար, քանի որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ուղղակիորեն հարվածում է ռուսական ուղղությամբ ապրանքաշրջանառությանը։ Ավելին, Օվերչուկը բաց տեքստով ակնարկել է, որ Հայաստանի խորացող եվրաինտեգրացիան կարող է բերել նաև ռուսական ինքնաթիռների համար հայկական օդային տարածքի փակմանը:
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ևս շեշտել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի մի շարք հիմնարար առավելություններ՝ ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, մաքսային արտոնություններ, մրցունակություն, աշխատանքային ու տեխնիկական կարգավորումներ, սանիտարական ու բուսասանիտարական չափանիշներ։ Ըստ էության, նման հայտարարությունները պատահական լինել պարզապես չեն կարող. Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ինքն էր ակնարկել, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։ Ու չնայած այդքան հստակ նախազգուշացումներին՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ հաստիքային սատելիտ-արևմտամետները մինչ օրս չեն ներկայացրել, թե ինչ տնտեսական հաշվարկների հիման վրա են պատրաստվում Հայաստանը տանել դեպի Եվրամիություն։ Ի՞նչ է նշանակում այս ամենը: Փաստացի, Ռուսաստանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու գործնական դաշտերում արդեն կոշտացնում է դիրքորոշումը։ Ամենայն հավանականությամբ, որքան խորանան Հայաստանի եվրոպական նկրտումները, այնքան ծանր ու ցավոտ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար։
«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչեւ Մայր Աթոռ բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող շարքային մարդիկ: Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում` գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրահանգել է Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել` զուգահեռ զբաղվել Եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու ռուբիկոնն էլ հաղթահարեց եւ հիմա ամեն ինչի ունակ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բանավոր դիմել է ԱԺ խորհրդի անդամներին՝ հորդորելով իր՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցը շտապ կարգով քննարկել: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Անձեռնմխելությունից զրկելու եւ քրեական վարույթ նախաձեռնելու համար, հարցը պետք է քննարկվեր խորհրդարանում, սակայն ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվեց, եւ վերը նշված հարցը կքննարկվի արդեն արտահերթ նիստում:
Ու, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Արծվիկ Մինասյանը, դիմելով Խորհրդին, նշել է, որ այս հարցը պետք է անհապաղ քննարկվի, որովհետեւ սա շոու է, եւ հանրությանը պետք է ներկայացվի շատ շտապ։ Մինասյանի հորդորին դեռեւս չեն արձագանքել, թե երբ կքննարկեն հարցը, դեռեւս պարզ չէ: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ դա կանեն հուլիսի սկզբին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ, հակառակ Արծվիկ Մինասյանի, նպատակ ունի իր հարցի քննարկումը բոյկոտելու. նա ներկա չի գտնվի, քանի որ, ըստ Օհանյանի, սա իշխանությունների հերթական շոուն է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում քննարկում են երբեմնի անաչառ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանի առաջադրումը՝ որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Ոմանք կարծել են, որ նա հոգու խորքում հաշտ չէ ամենօրյա ռեժիմով մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ, որոնց դեմ նախկինում պայքարում էր, բայց արի ու տես` նա ոչ միայն հաշտ է, այլեւ ուզում է իշխանության վերին էշելոնի մաս կազմել, որն առաջինն է տեղեկանում բռնապետի կայացրած որոշումների մասին եւ մասնակցում է այդ անօրինական որոշումների կայացմանը։ Խոսում են նաեւ, որ ՔՊ ընտրիչների մեծ մասը Հերիքնազին չի ճանաչում, սակայն Փաշինյանի ուղղորդմամբ նրան կընտրեն։ ԱԺ այցերի ժամանակ Փաշինյանի հետ սրճող «երջանիկների» թվում է նաեւ Հերիքնազ Տիգրանյանը։ Առաջադրվել են նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նախարար Դավիթ Խուդաթյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, այլք։
«Հրապարակ» թերթը գրում է. Մայիսի 21-ին վարչական դատարանում տեղի է ունեցել Վանաձորին վերաբերող նիստը, որի ժամանակ ԼՀԿ-ն պետք է հայցից հրաժարվեր, եւ հունիսի 20-ին վճիռը պետք է հրապարակվեր: Ինչից` 3․5 տարվա ապօրինի արգելանքից հետո Վանաձորի ավագանին կարող էր անդրանիկ նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով: Սակայն դատական վերջնական ակտ կայացնելուց 2 օր առաջ Փաշինյանի կողմից քաղաքապետի պաշտոնին նշանակված Արկադի Փելեշյանի՝ Ակայի ուժը (ՀԱՍԿ-ը) նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 180 հազար դրամի դատական ծախսերի փոխհատուցման պահանջով, որպես փաստաբանի ողջամիտ վարձատրություն։ Այսինքն՝ ստեղծվում է հերթական կեղծ հիմքը, որ այս ապօրինի դատը նորից ձգձգեն, եւ ավագանու նիստ կրկին չգումարվի։ Արգելանքը վերացնելուց հետո, եթե նորից քաղաքապետ չընտրեր ավագանին, իսկ հաստատ չէր ընտրելու, որովհետեւ ո՛չ իշխանությունն ունի բավարար ձայներ, ո՛չ ընդդիմությունը, Վանաձորում նոր ընտրություններ կկայանային։ Սակայն ասում են՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը եւ Եկեղեցու դեմ պայքարը խառնել են իշխանության պլանները: Իրենց թեկնածուին` Լոռվա մարզպետին էլ ոստիկանապետ նշանակեցին, ուստի առայժմ չեն ուզում ռիսկի գնալ եւ փորձելու են կամակատար դատավորների միջոցով ստատուս քվոն ձգել, որ Գյումրու խայտառակությունը Վանաձորում էլ չկրկնվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս տարվա հունիսի սկզբին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկանդալային բախում է եղել. 2020 թվականի պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը բռնել են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի օձիքից:
Ինչից է սկսվել պատմությունը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ երբ այս տարվա հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների ծնողներին, հերթական անգամ վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է երեխաների որոնման եւ վերադարձի համար: Սակայն ծնողները դժգոհ են մնացել, քանի որ որեւէ շոշափելի արդյունք չկա զինծառայողների որոնողական աշխատանքների մասով: Այս դժգոհության ֆոնին, Կառավարության դիմաց տեսնելով շենքից դուրս եկող ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որը եղել է ԴՆԹ հետազոտությունների պատասխանատուն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ, բղավել են նրա վրա, թե «ԴՆԹ հետազոտությունները դարձրել եք ծաղր»:
Բանն այն է, որ ԴՆԹ հետազոտությունների շուրջ ծնողները տեսնում են խճճվածություն եւ թափանցիկության բացակայություն: Ծնողներից մի քանիսը պատգամավորից հաշվետվություն է պահանջել, թե ինչու է Լեւոն Քոչարյանին ԱԺ ամբիոնից պատասխանելով հայհոյել թե՝ «Ով մեզ կասի թուրք, իրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»: Ծնողներից երկուսը բռնել են Թորոսյանի օձիքից, վեր բարձրացրել, ասել, թե ստախոս է նա, թուրք, որովհետեւ իրենց երեխաների ԴՆԹ հետազոտությունները խառնաշփոթ է դարձրել, ԱԺ ամբիոնից ո՞ւմ էր հայհոյում, հավելել են, թե «ինչ ասել ես՝ նույնը՝ քեզ»: Ի պատասխան՝ պատգամավորին նետել են նույն հայհոյանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի վերաբերյալ ստանալ Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը, վերջինս հայտարարեց. «Ժողովուրդ օրաթերթին կա՛մ սուտ ինֆորմացիա են տվել կա՛մ ինքն է սուտ ինֆորմացիան հորինել, ինչպես հաճախ։ Ցտեսություն»: Այս արձագանքից հետո ՔՊ պատգամավորը, խախտելով էթիկայի նորմերը, հանրայնացրեց անձնական նամակագրությունը՝ «լուտանք» որակելով իրեն ուղղված հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը կրկին իր աղբյուրների հետ կապվեց, ովքեր վստահեցրին. «Արսեն Թորոսյանը նոր չէ, որ սուտ է խոսում, գրեք՝ ինչ պատմել են, 100% ճշմարտություն է. ծնողները պատգամավորի օձիքից բռնել ու թափ են տվել»»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ձերբակալվեց, ապա կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը, նրա փաստաբանական խմբի կողմից կալանքի, ինչպես նաև խուզարկության և ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները բողոքարկվել էին վերաքննիչ քրեական դատարան:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ ապշելու արագությամբ ու հետաքրքիր «զուգադիպությամբ» նշված գործի նյութերը մակագրվել են իշխանությունների «սրտի դատավոր» Արմեն Դանիելյանին, որը հանրությանը հայտնի է քաղաքական մի շարք գործերով ու բոլոր այդ գործերով կալանքի միջնորդությունները բավարարելով: Երեկ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտարարեցին, որ օրենքով սահմանված կարգով հետ են վերցնում ներկայացված վերաքննիչ բողոքը, քանի որ «այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է»: Նշվում է նաև, որ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ, գրեթե ավարտին են հասցվել: Սամվել Կարապետյանն ինքն էլ նամակ է գրել Արմեն Դանիել յանին ու նշել, որ դատավորը մշտապես աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։
«Գտնում եմ, որ պաշտպանիս՝ Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը Ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է, ուստի նրա բողոքը հետ եմ վերցնում»,- նշել է Կարապետյանը։
Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև երկամսյա ժամկետի ավարտը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, եթե արտակարգ պրոցեսներ չլինեն: Հաշվի առնելով, որ նա կալանավորվել է հունիսի 18-ին, ապա ստացվում է, որ նա կարող է ազատ արձակվել օգոստոսի 18-ին՝ ճիշտ այն օրը, երբ լրանում է Կարապետյանի ծննդյան 60-ամյակը:
Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, իշխանությունները ավելի են անհանգստացել Սամվել Կարապետյանի՝ դատարանից գրված նամակների հրապարակումից: Բանն այն է, որ դրանք փաստացի թե՛ ծրագրային «ելույթներ» են, թե՛ կոնկրետ «մեսիջներ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշակի շրջանակների հատկապես ցավեցրել է երեկվա իր նամակում Սորոսին կոշտ անդրադարձը հետևյալ ձևակերպմամբ. «Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը»:
Եվ ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը չափազանց մեծ անհանգստություններ ունի այն առումով, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել ընդդիմադիր դաշտի յուրատեսակ «մերան», միավորել հասարակության գերակշիռ մասին: Այսինքն, նրա վախերը վերաբերում են նրան, որ, այսպես ասած, Հայ առաքելական եկեղեցուն և Սամվել Կարապետյանին «լոկալ» պաշտպանելու գործընթացը կարող է վերաճել քաղաքական լուրջ պրոցեսների: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, սարսափում է ցանկացած՝ նույնիսկ ամենափոքր շարժումից ու ակցիայից: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, նա հրահանգել է իր «ավանգարդ ուժերին» ու սատելիտներին, ինչպես նաև համապատասխան կառույցներին՝ Կարապետյանին վարկաբեկելու ճանապարհին ամեն կերպ «կեղտ բռնել» նրա հետ կապված ընկերությունների, ինչպես նաև անհատների վրա: Այս հրահանգի համատեքստում էին թե՛ «Տաշիր պիցցայի» տասից ավելի կետերի, թե՛ Տաշիրի կաթնամթերքի արտադրամասի գործունեության դադարեցման մասին ՍԱՏՄ որոշումները, թե՛, առավել ևս, ՀԷՑ-ի վրա քպականների տոտալ հարձակումները: Մեր ունեցած տեղեկություններով, սրանք, ինչպես ասվում է, միայն ծաղիկներն են...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը թափուր է: Ըստ էության, քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։ Բանն այն է, որ այս տարվա մարտի 5-ին Եղիշե Կիրակոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։ Պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը, ու այս հանգամանքով պայմանավորված՝ Կիրակոսյանը ինքնակամ հեռացավ: Ի դեպ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության դեպքում՝ Հայաստանի համար ընդունելի է միմյանց նկատմամբ հայցերը հետ կանչելը։ Եղիշե Կիրակոսյանն էլ քանիցս հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման համար այդ հայցերը եւ դրանք հետապնդելը խոչընդոտ չեն միջազգային ատյաններում մեր իրավունքների պաշտպանության համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծառայողական հետապնդման հերթական աղմկալի դրսեւորումն է եղել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Բանն այն է, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ հերթական ծառայողական հետապնդման դեպքի պատճառով։ Ակադեմիական կառույցի ներսում արձանագրվել է մի իրավիճակ, որը վկայում է իշխանական լծակների չարաշահման եւ բարոյահոգեբանական ճնշման կիրառման մասին` ակադեմիական միջավայրին անհարիր ոճով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանի ամբիոններից մեկի վարիչը ենթարկվել է կարգապահական տույժի միայն այն պատճառով, որ չի կանգնել ոտքի (իրավաբանորեն ձեւակերպված՝ անհարգալից վերաբերմունքի համար), երբ բուհի պրոռեկտորները ներս են մտել։ Տվյալ միջադեպը ոչ միայն որեւէ իրավական ակտով չի կարգավորվում, այլեւ նման «արարքի» համար տույժ կիրառելը ակնհայտորեն հակասում է առողջ բանականությանը եւ ակադեմիական ազատության սկզբունքներին։
Ամենից ծանրակշիռ հանգամանքն այն է, որ այս՝ մեղմ ասած աննշան հարցը, շաբաթներ շարունակ քննարկվել է բուհի էթիկայի հանձնաժողովում, ինչը վկայում է, որ գործի մեջ թաքնված են անձնական կամ խմբային շահեր։ Այլ կերպ ասած՝ պարզ քայլը վերածվել է նպատակաուղղված ճնշման, որի նպատակն է ակադեմիական աշխատակցին նսեմացնել, վախեցնել կամ լռեցնել։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը կոչված է նման կերպ «դաստիարակել» գիտակազմի ներկայացուցիչներին, երբ իրական էթիկական խնդիրներ՝ սկսած աշխատանքի ապօրինի դադարեցումներից մինչեւ մասնագիտական արժանապատվության խախտում, շարունակում են անտեսվել։
Այս դեպքը վկայում է այն խորքային ճգնաժամի մասին, որում հայտնվել է համալսարանական կառավարումը. երբ իշխանությունը փոխարինում է արժանապատվությանը, իսկ վախը՝ համագործակցությանը։ Մնում է միայն հուսալ, որ նման օրինակները կարժանանան հասարակական լայն արձագանքի, որպեսզի ակադեմիական հարթակը դադարի հաշվեհարդարի տարածք լինելուց»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի է ունեցել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքը։ Միջոցառումն անցկացվել է աննախադեպ համեստ պայմաններում, ամենամոտ հարազատներն են միայն ներկա գտնվել։ Սա եղել է հարսնացուի ցանկությունը՝ առանց ավելորդ աղմուկի, ճոխությունների մինի խնջույք ունենալ։ Անգամ Գյումրիում քչերն են իմացել, որ Վարդանիկի աղջկա հարսանիքն է։ Հիշեցնենք․տարիներ առաջ Ղուկասյանի դստեր՝ Մանյայի նշանադրության օրը նրա փեսացուին սպանված գտան։ Դեպքը տեղի է ունեցել 2012-ի ապրիլի 12-ին, երբ Վարդան Ղուկասյանը դեռ Գյումրու քաղաքապետն էր: