ՀՀ 2024թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը նախորդ տարվա համեմատ վատթարացել է
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝
2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել է։ Սակայն վերջինս որոշակիորեն ներառվել է 5.9% աճի մեջ, թեև այդ մասով ՀՀ տնտեսությունում ավելացված արժեք գրեթե չի ստեղծվել։
Պետական բյուջեի փաստացի ցուցանիշներն էականորեն շեղվել են բյուջեի հիմքում դրված 2024թ. համար կանխատեսումներից։ Այսպես՝ տնտեսական աճը կանխատեսված (թիրախավորված) 7%-ի փոխարեն կազմել է 5.9%, հարկեր/ՀՆԱ-ն 24.9%-ի փոխարեն կազմել է 23.6%, իսկ միջին գնաճը 3.2%-ի փոխարեն կազմել է 0.3%։ Այս ամենի արդյունքում հարկային եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 222.7 մլրդ դրամ պակաս չափով։ Սա, իհարկե, էական մարտահրավեր է բյուջեի համար, սակայն նշենք, որ ծախսերի թերակատարման պայմաններում հարկաբյուջետային կայունության տեսանկյունից ստեղծված վտանգները որոշակիորեն մեղմվել են։
Ծախսերի կատարողականը վատթարացել է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր ծախսերի կատարողականը կազմել է 93.9%՝ նախորդ տարվա 97.1% կատարողականի դիմաց։ Ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարողականը ևս վատթարացել է՝ հատկապես էական է կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) կատարողականի անկումը՝ նախորդ տարվա 95.8%-ի դիմաց կազմելով 84.7%։ Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի նկատմամբ 35.3% կատարողականով: Տնտեսական ակտիվության աճի դանդաղման պայմաններում հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը առավել նշանակալի բացասական ազդեցություն է ունենում տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։
Բյուջեի կատարման հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն ընդհանուր ծախսերի թերակատարումներով։ Մտահոգիչ են նաև ծրագրային մակարդակում ծախսերի կատարողականները, որոնք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մի շարք կարևոր և սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի գծով առկա են էական (որոշ դեպքերում նաև 50%-ը գերազանցող) թերակատարումներ։ Պետական ռեսուրսի բաշխումն էականորեն շեղվում է պլանավորվածից, քանի որ մի շարք ծրագրերի գծով առկա թերակատարումների պայմաններում գումարներն ուղղվում են այլ ծրագրերի։ Վերջինս, իհարկե, նվազեցնում է պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։