Ազգային ժողովը շարունակել է ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը
Ազգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը:
Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատն արտահայտում է դրական եզրահանգում»,- Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելով՝ ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը: Նա հավելել է, որ պալատն արձանագրել է 83 անհամապատասխանություն եւ 6 խեղաթյուրում, որոնք, սակայն, չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա: Դրանց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:
Հարակից զեկույցով ելույթ է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: «2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում մենք արձանագրել ենք, որ հարկային եկամուտները կազմել են 2,391 մլրդ դրամ, որը կազմում է 92,7 տոկոս կատարման մակարդակ: Այս թիվը խոսում է մեր ժողովրդի վստահության մասին՝ համակարգի նկատմամբ, եւ պատրաստակամության մասին՝ երկիրն առանցքային տնտեսական քայլերով առաջ տանելու»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը՝ խոսելով պետության նկատմամբ հանրության վերաբերմունքի համատեքստում:
«ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը համակողմանի ուսումնասիրություններից հետո տվել է դրական եզրակացություն 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը՝ հիմք ընդունելով բյուջետային գործընթացում արձանագրված արդյունքները, առաջընթացը եւ առկա բարելավման տեմպերը»,- ամփոփելով ելույթը՝ ասել է հանձնաժողովի նախագահը:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարվա բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են ոլորտն ընդգրկող ծրագրային բոլոր դրույթներն ու բարեփոխումները:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ նշել է, որ Կառավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարել է եւ կա բյուջեի կատարողական:
Ելույթներով հանդես գալու համար գրանցվել է երեք տասնյակից ավելի պատգամավոր: Նրանք հանդես են գալիս ելույթներով: