Թմրամիջոցների դեմ պայքարի կենտրոնում պետք է լինեն ներմուծումն ու արտադրությունը. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր և ուղղված նախևառաջ ներմուծման ու արտադրության աղբյուրներին, այլ ոչ միայն վաճառողներին։ Այս մասին հունիսի 5-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով նոր ռազմավարական մոտեցում որդեգրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի արդյունավետությունը հնարավոր է բարձրացնել՝ կենտրոնանալով դրանց ներմուծման ու արտադրության խողովակների վրա։
«Շատ լավ, վաճառողին բռնում ենք, դատում ենք, բայց նրա տեղը գալիս է նորը։ Բայց երբ հարվածում ենք աղբյուրին՝ ներմուծմանն ու արտադրությանը, կարող ենք ակնկալել առավել նշանակալի արդյունքներ»,– ասաց նա։
Փաշինյանը նաև կարևորեց վիճակագրության ճիշտ մեկնաբանման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ բացահայտումների թվի աճը կարող է միաժամանակ վկայել և՛ իրավապահ համակարգի արդյունավետության, և՛ թմրամիջոցների շրջանառության ծավալի ավելացման մասին։ Իսկ թվի նվազումը՝ ինչպես պայքարի հաջողության, այնպես էլ հնարավոր բացթողումների արդյունք լինել։
Վարչապետը տեղեկացրեց, որ դեռևս չեն արձանագրվել սինթետիկ թմրամիջոցների արտադրության դեպքեր, բայց կան դեպքեր, որոնք առնչվում են բուսական ծագման թմրամիջոցների պատրաստման հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զգոնություն՝ կանխելու այս վտանգի զարգացումը։
«Արդեն ունենք դրական նշաններ. բացահայտվել են մեծ խմբաքանակներով ներմուծման դեպքեր, ինչը վկայում է, որ նոր մոտեցումն արդյունք է տալիս»,– ընդգծեց Փաշինյանը։