ԱՊՀ անդամ պետությունների միջեւ հետախուզումների վերաբերյալ համագործակցությունը կբարելավվի
Արձանագրության վավերացումն ուղղած է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ հետախուզումների վերաբերյալ համագործակցության բարելավմանը: Մասնավորապես, հետախուզման հետ կապված փաստաթղթերի՝ էլեկտրոնային ճանապարհով փոխանցման հնարավորություններին, ինչը ներկայիս կարգավորումներով առա չէ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ ԱԺ՝ մայիսի 27-ի հերթական նիստի ընթացքում:
Քննարկվել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նշելով, որ արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայում՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
Եզրափակիչ ելույթում Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզումների վերաբերյալ: Մասնավորապես, 2024 թվականին միջպետական հետախուզում է հայտարարվել 1200-ից ավելի անձի նկատմամբ: 2022-2024 թվականների ընթացքում ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700-ից ավելի անձինք եւ փոխանցվել ԱՊՀ անդամ պետությունների գործընկերներին: