Ալեն Սիմոնյանը՝ բանակային բարեփոխումների և Հայկ Սարգսյանի օրինագծի մասին
Հայաստանը պետք է քայլ առ քայլ անցում կատարի ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակային համակարգի, որտեղ ծառայությունը կլինի ոչ թե պարտադիր բեռ, այլ գիտակցված մասնագիտական ընտրություն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։
Նրա խոսքով՝ պետության նպատակն է ձևավորել այնպիսի զինված ուժեր, որտեղ ծառայելու ցանկություն ունեցողներն իրենց ապագան կկապեն զինվորականի մասնագիտության հետ և կստանան բարձր վարձատրություն՝ ինչպես դա ընդունված է զարգացած երկրներում։
«Հայաստանում այսօր կա 10 000-ից ավելի հետախուզման մեջ գտնվող անձ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս իրողությունը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ գոյություն ունեցած համակարգը վերանայման կարիք ունի», – ընդգծեց Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայկ Սարգսյանի օրինագծի որոշ դրույթներ՝ մասնավորապես ծառայության կրճատված ժամկետների դիմաց փոխհատուցման առաջարկը (օրինակ՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն), դեռ կարող են փոփոխվել։ «Նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են, և վերջնական տարբերակն, անկասկած, կհաշվի առնի հասարակության ու մասնագիտական շրջանակների արձագանքները», – հավելեց ԱԺ նախագահը։
Միաժամանակ նա արձանագրեց, որ անցյալում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները փորձել են կաշառքով ազատել իրենց զավակներին ծառայությունից։ «Դա տեղի է ունեցել, բայց պետությունը պայքարում է նման երևույթների դեմ և շարունակելու է պայքարել։ Նոր որակումներ տալու կարիք չկա՝ խնդիրը կա և պետք է լուծել», – եզրափակեց Սիմոնյանը։