Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սուր քննադատությամբ է հանդես եկել ընդդիմադիր ուժերի հասցեին մայիսի 12-ին Ազգային ժողովում գլխավոր դատախազի հաղորդման քննարկման ընթացքում: Նրա խոսքերով, ընդդիմադիր գործընկերները փորձում են արժեզրկել և ոչնչացնել ցանկացած նախաձեռնություն, որին առնչվում են, և ներկայումս նրանց հիմնական թիրախը դարձել է կոռուպցիայի դեմ պայքարը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասով մեր կուսակցության ամեն մի նախաձեռնող նիստը ձեր ամբողջ ֆրակցիայի հինգ տարվա արածից 40 անգամ ավելի շատ բան է անում: Ձեր արածը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, այլ դրա աղավաղում», - հայտարարել է Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:
Պատգամավորը նկարագրել է, թե ինչպես է, իր կարծիքով, գործում ընդդիմությունը. «Դուք բոլորով հավաքվում եք, օրինակ՝ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, տիկին Աննա Գրիգորյանը, և որոշում եք դիմել Սահմանադրական դատարան ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոքով՝ փորձելով վիճարկել դրա բոլոր դրույթները, որպեսզի պետությունը չկարողանա բռնագանձել կոռուպցիոներների գույքը»:
Ալեքսանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանում գործը կորցնելուց հետո ընդդիմությունը որոշել է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Սեյրան Օհանյանը, օրինակ, որպես խմբակցության ղեկավար, իր առանձնատնից, որը համարվում է ապօրինի գույք, SMS է գրել ձեր խմբակցությանը՝ առաջարկելով հավաքվել: Եվ դուք, ենթադրաբար, հավաքվել եք «Կոնգրես» հյուրանոցում, որը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքն է», - հեգնել է պատգամավորը:
Նա նաև մեղադրել է ընդդիմությանը կոռուպցիայի փաստերի խեղաթյուրման մեջ. «Տիկին Քրիստինե Վարդանյանն ասում է, որ մանկապարտեզը կառուցել են մեկ անձից գնումով: Հետո նայում ես և տեսնում, որ մեկ անձից չի, մրցույթ է եղել: Ասում են, որ փող են կերել: Հետո պարզվում է, որ քաղաքապետարանը չի ընդունել այդ մանկապարտեզի շինարարությունը: Բայց եթե փող են կերել, ինչպե՞ս կարող էին շինարարությունը չընդունել: Ոչ ոք ձեզանից լավ չգիտի այդ ցիկլը, դուք կոռուպցիայի պրոֆեսորներ եք, դոցենտներ և սև գոտի հինգերորդ դան»:
Ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանություններն ամենահարուստն են, Ալեքսանյանը առարկել է. «Լուրջ ե՞ք: Մեր խմբակցությունից մեկը 20 տարվա հիպոթեքով մի հատ տուն է առնում, և դրա մասին 800 հազար հոդված են գրում ԶԼՄ-ներում, կարծես նա չգիտես ինչ է գնել: Այդ մարդն արդեն ասում է՝ «Վայ հարամ ըլնի էդ տունը»: Նա պետք է 20 տարի հիպոթեք փակի, իսկ ձեր կողքին նստած պարոն Օհանյանի տունը, համաձայն մեղադրանքի, գնահատվում է մի քանի միլիարդ»:
Ավարտելով խոսքը` Ալեքսանյանը հերքել է այն պնդումը, որ մեդիաների մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից. «Պարոն Մինասյան, անկեղծ, մեդիաները ավելի շատ մե՞ր ձեռքում են: Եթե հանես երկու լրատվական, ապա դաշտի 100%-ը ձերն է: Չի կարելի այդքան արժեզրկել սեփական խոսքը»: