Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում մայիսի 12-ին բացահայտել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի մանրամասները:
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ գլխավոր դատախազը ներկայացրել է դատարանում գտնվող գույքային և դրամական պահանջների ողջ ծավալը:
Վարդապետյանի հայտարարության համաձայն, դատախազությունը պահանջում է պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանույշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ պետության բռնագանձել 22 անշարժ գույք և ևս երկու օբյեկտի ձեռքբերման իրավունք:
Բացի այդ, պահանջների ցանկում ներառված են ավելի քան 3 միլիոն դոլար կանխիկ, 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցության բաժնեմասեր, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8,3 միլիարդ դրամի, 261 միլիոն ռուբլու և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունքներ:
Ցանկում ներառված են նաև երկու տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 միլիարդ դրամ դրամական արտահայտությամբ:
Հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պատասխանողները կտրականապես ժխտում են իրենց մեղքը՝ ընդգծելով, որ հիշատակված ամբողջ գույքը ձեռք է բերվել «ազնիվ աշխատանքով»: Նրանք բազմիցս հայտարարել են, որ ներկայացված հայցը համարում են քաղաքական շարժառիթներով պայմանավորված և ուղղված նախկին նախագահի ու նրա շրջապատի հետապնդմանը:
«Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով», - ընդգծել է գլխավոր դատախազը:
Վարդապետյանը նշել է, որ տվյալ հայցը գտնվում է հրապարակային դատաքննության փուլում: Նա նաև հայտնել է, որ 2021 թվականից մինչև այժմ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվում է տարբեր պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ շուրջ 150 հայցադիմում: