Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդեր Մոամենին հայտարարել է, որ Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ-Ռաջաի առևտրային նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունի պատճառը եղել է անփութությունը, և պատասխանատուները արդեն հայտնաբերվել են։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
RBC-ի փոխանցմամբ, նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, որից հետո բռնկվել է հրդեհ։ Իրանական Mehr գործակալության տվյալներով, պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ լրջորեն վնասել է նավահանգստի շենքերի մեծ մասը, ինչպես նաև ավտոմեքենաները։ Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 46 մարդ, ավելի քան 1200-ը՝ տուժել։
Շահիդ-Ռաջաի նավահանգիստը գտնվում է Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքից 23 կմ դեպի արևմուտք՝ Պարսից ծոցի ափին։ Այն համարվում է Իրանի խոշորագույն բեռնարկղային հանգույցը և սպասարկում է երկրի բեռնարկղային բեռների մեծ մասը։
The New York Times թերթը հաղորդել էր, որ իրանական նավահանգստում պայթյունի պատճառը հրթիռային վառելիքի հումքն է եղել։ Սակայն Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրագիմ Ռեզաին մերժել է պայթյունի և երկրի պաշտպանական ոլորտի միջև որևէ կապ։
Արդեն հաջորդ օրը Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին հայտարարել էր, որ պայթյունի պատճառը անվտանգության միջոցների չպահպանումն ու նավահանգստում նյութերի պահպանման կանոնների խախտումն է եղել։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ՆԳ նախարարը հաստատեց այս տարբերակը՝ նշելով նավահանգստում «անփութության» և «բացթողումների» մասին։
Իրանական Կարմիր Մահիկի վերջին տվյալների համաձայն, հրդեհը մարվել է 90%-ով, իսկ Շահիդ-Ռաջաիի չվնասված հատվածներում վերսկսվել է նավահանգստային գործունեությունը։ Հրդեհը մարելու գործում օգնություն են ցուցաբերում ռուսական փրկարարները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ապրիլի 27-ին Իրան են մեկնել երկու օդանավեր՝ Բե-200ՉՍ ամֆիբիա ինքնաթիռը և Իլ-76-ը։
«Աղետի վայր ժամանելուն պես Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «անհապաղ» համակարգման հանդիպումներ են անցկացրել իրանցի գործընկերների հետ։ Արագորեն ծանոթացել են օպերատիվ իրավիճակին, մշակել գործողությունների պլան, բաժանվել խմբերի և անցել աշխատանքի», - հաղորդել է այսօր Իրանում Ռուսաստանի դեսպանատունը։