28.04.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանն և Էստոնիայի նախագահը քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարները

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նախագահական նստավայր, որտեղ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել նրա հանդիպումը Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Ալար Կարիսը նշել է հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը՝ ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար:


Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության պատմական ավանդույթների վրա: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկուստեք հանձնառության մասին՝ ամրապնդելու Հայաստան-Էստոնիա օրակարգը և զարգացնելու քաղաքական երկխոսությունը նոր որակի:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության և արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը և փորձի փոխանակումը:


Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում:


Ալար Կարիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:


Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ:

Լուսանկարը՝ tert.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tvnews.am
28.04.2025
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը