Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան
                    
                    
                        
                                    
                                    Լուսանկարը` gov.am
                        
                     
                    
                    Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:
«Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա: Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ», — նշել է փոխվարչապետը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առանցքային տարրերից մեկն է: Այս գործընթացը ներառում է պետական սահմանի ճշգրիտ գծի որոշումը, որը, համաձայն հայտարարությունների, պետք է տեղի ունենա 1971-1975 թթ. խորհրդային քարտեզներով` փաստացի ֆիքսելով ԽՍՀՄ փլուզման պահին առկա վարչական սահմանները` որպես պետական: