ՀՀ պետական բյուջե 2018-2024 թթ. լրացուցիչ մուտք է եղել 4,2 մլրդ դոլար. Փաշինյան
Ազգային ժողովն ապրիլի 15-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ միայն 2024 թվականի արդյունքներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրիլիոն դրամով: Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3,3 մլրդ դոլար է, այսինքն՝ հեղափոխությունից հետո՝ միայն 2024 թվականին, Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 մլրդ դոլար: Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճ ունեցել են, եւ սա որեւէ մեկը չի կարող ժխտել: Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել ու բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-2024 թվականներին լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4,2 մլրդ դոլար»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով սա այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես` 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավելի: Այսինքն՝ հետհեղափոխական 7 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլար:
«Եվ սա, ուշադրություն դարձրեք, քովիդի համավարակի եւ պատերազմի տարվա ներառմամբ, եւ այս թվի մեջ, բնականաբար, ներառված չէ պետական պարտքը: Պետական պարտքը չի հաշվառվում ընդհանրապես որպես պետական բյուջեի եկամուտ: Այս թվի մեջ չեմ ներառել նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետական բյուջեին փոխանցված գումարները: Այսինքն՝ խոսքը բյուջեի մաքուր, հեղափոխական եկամտի մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: